14 08 2019

Անցած մեկ ու կես տարում արտաքին առևտրի կառուցվածքը չփոխվեց. Արա Գալոյան

Անցած մեկ ու կես տարում արտաքին առևտրի կառուցվածքը չփոխվեց. Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրել է.

«Առաջին կիսամյակի տնտեսական հաշվետվությունները մի տեսակ ալարկոտ են վերլուծվում:

Հայտնի փորձագետների կարծիքից դժվար է միանշանակ եզրակացնել, թե արդյոք սպասելի՞ էին այս արդյունքները, թե՞ ոչ:

Գերիշխող կարելի է համարել այն տեսակետը, որ 2019թ առաջին կիսամյակի արդյունքները հիմնականում տնտեսական իներցիոն գործընթացների արդյունք են: Հետևաբար կտրուկ, կամ արմատական փոփոխություններ չկան:

Ծավալների առումով «ամենակայունը», (կամ եթե կուզեք՝ ամենաիներցիոնը) արտաքին ապրանքաշրջանառության ոլորտը դուրս եկավ:

Այս տարվա առաջին կիսամյակի արտաքին առևտրի տվյալները համարյա կրկնում են 2018-ը: Զուտ գնային առումով իհարկե (եթե հաշվի չառնենք երկու գործոն` նախ գնաճը համաշխարհային շուկայում, և երկրորդ ԱՄՆ դոլարի տարեկան արժեզրկումը):

2018-ի մեր արտաքին առևտրի ծավալը հունվար-հունիսին 3 մլրդ 476.1 մլն դոլար էր: 2019-ին՝ 3 մլրդ 495.2 մլն դոլար:

Պահպանվել է նաև համամասնությունը արտահանման և ներմուծման մեջ: Մեկ փոքր, բայց «տհաճ» տարբերությամբ՝ 2019-ի պուճուր աճը գրանցվել է ներմուծման ոլորտում: Անցած տարվա համեմատ արտահանման ծավալը կրճատվել է կես տոկոսով, փոխարենը ուղիղ այդքան` կես տոկոս աճել է ներմուծումը: Բացարձակ թվերով պատկերը սա է. արտահանում՝ 2018թ` 1 165.2 մլն դոլար, 2019թ՝ 1 173.8 մլն դոլար և ներմուծում՝ 2018թ`2 310.9 մլն դոլար, 2019թ՝ 2 321.4 մլն:

Փաստորեն, անցած մեկ ու կես տարում արտաքին առևտրի կառուցվածքը չփոխվեց: Բացասական սալդոն իր ծավալով կազմում է արտահանման համարյա կրկնակին: Մեր արտաքին ապրանքաշրջանառության 33.58 տոկոսը կազմում է արտահանումը, 66.42 տոկոսը` ներմուծումը:

Արտաքին առևտրի «կայուն» ցուցանիշների ֆոնին որոշակի փոփոխություններ են գրանցվել գործընկեր պետությունների խմբում:

Մեր վիճակագրությունը արտաքին ապրանքաշրջանառության ոլորտի կիսամյա հաշվետվությունը ներկայացնում է երկրների երեք խոշոր խմբերով: Առաջին խումբը կազմում են ԱՊՀ անդամ երկրները (այս խմբում տարանջատում կա` ԵԱՏՄ անդամ և ԱՊՀ անդամ այլ երկրներ): Երկրորդում Եվրամիության անդամ երկրներն են, իսկ երրորդ խումբը հաշվառվում է «Այլ երկրներ» անվան տակ:

Ապրանքաշրջանառության տվյալներն ըստ երկրների, որպես կանոն, կարելի է գտնել միայն տարեկան տվյալները պարունակող տարեգրքում, որը հրապարակվում է տվյալ տարվա ավարտից համարյա 10 ամիս հետո (2018-ի տարեգիրքը դեռ հրապարակված չէ): Ուստի՝ արտաքին առևտրի կառուցվածքը հիմա կարելի է դիտարկել պետությունների միայն այդ երեք խոշոր խմբերի թվերով:

2018թ արձանագրված տենդենցները այս տարի պահպանվել են: Մեր արտաքին առևտրում աճում է ԱՊՀ անդամ երկրների հետ մասնաբաժինը (նախորդ տարվա համեմատ աճը 2 տոկոս է): Ընդ որում՝ աճում է հիմնականում ԵԱՏՄ երկրների հետ (աճը՝ 5.1 տոկոս):

ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը մեր արտաքին առևտրում 26․7 տոկոսից 2019-ի առաջին կեսին դարձել է 28․1 տոկոս։ Սա այն դեպքում, երբ ԱՊՀ մյուս անդամների հետ ապրանքաշրջանառությունը նվազել է։

Շարունակվում է նաև նվազել ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը։ Առևտրի կառուցվածքում ԵՄ երկրների կշիռը 26 տոկոսից իջել է 21․6 տոկոսի։

Աճ արձանագրվել է «Այլ երկրներ» անվանախմբում՝ 44․4 տոկոսի փոխարեն դառնալով 47․8։

Ըստ վիճակագրության՝ աճի դինամիկան հատկապես աշխույժ է ԵԱՏՄ երկրների հետ և արտահանման և ներմուծման ոլորտում։ Այս դեպքում արտահանումը նախորդ տարվա 25․8 տոկոսի փոխարեն դառնալով 27․4։ Իսկ ներմուծման պարագային պատկերն այս է՝ 29․6 տոկոսի փոխարեն այս տարի՝ 31․1։ Իսկ ԵՄ անդամ երկրների հետ առևտուրը նվազել է թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ոլորտում։

Դժվար է պնդել՝ արտաքին առևտրի այս պատկերը վերջին շրջանում ձևավորվում է մեր երկրի վարած տնտեսակա՞ն քաղաքականության արդյունքում, թե՞ այն տնտեսական գործընթացների իներցիայով են պայմանավորված։ Բայց սա արդեն քաղաքական վերլուծության թեմա է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ