Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական գրառմամբ անդրադարձել է բյուջեի ծախսերին։ Նա գրում է․
«Շարունակենք 2019-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի վերլուծությունը։ Այսօր խոսենք ծախսերից։ Ինչպես տեսանք եկամուտների պարագայում դրանց ավելացում կա, սակայն ոչ այնչափ, որչափ փողում են կառավարության անդամները։ Շարքային աճ է, որը մի անգամ չի, որ եղել է վերջին 25 տարվա բյուջետային պրակտիկայում։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մնացել է նույն մակարդակի վրա։ Այդ ավելացումների հիմնական մասն էլ toxic ճյուղերն են. օրինակ, ավտոմեքենաների վաճառքը։ Toxic են, որովհետեւ վերարտադրվող չեն, վաղը մյուս օրը չեն լինելու։ Այո, առայժմ կա չնչին աճ հարկային վարչարարության հաշվին։ Բացառված չէ, սակայն, որ մինչեւ տարեվեջ եւ/կամ մյուս տարվա սկզբներին աճն անհետանա։ 2018-ին, օրինակ, երբ ներկա իշխանությունը կառավարեց 8 ամիս, նոյնպես անընդհատ խոսվում էր բյուջեի եկամուտների աճի մասին, բայց տարեվերջին այն փսկեց. պետական բյուջեի եկամուտները արդյունքում կազմեցին 1340.9 մլրդ դրամ, պլանավորված 1343.5-ի փոխարեն։ Իսկ դա, կներեք, պլանավորել էր նախկին "հանցավոր" ռեժիմը։
Հիմա անդրադառնանք ծախսերին։ Հասարակությունը, ժողովուրդը բյուջեին առնչվում է հենց ծախսերի միջոցով։ Այստեղից է երեւում. ո՞վ եւ ի՞նչ ստացավ։ 2018-ին պետական բյուջեի ծախսերը կազմեցին 1446.3 մլրդ դրամ 2017-ի 1503.8-ի դիմաց։ Գիտե՞իք այդ մասին։ Հիմա 2019-ի առաջին կիսամյակում ծախսերը կազմեցին 636.6 մլրդ դրամ 2018-ի 610.3-ի դիմաց։ Այսինքն, դրանք ավել են ընդամենը 4.3%-ով։ Եթե դրանից հանում ենք 2% գնաճը 2019 եւ 2.4% գնաճը 2018թթ առաջին կիսամյակի համար, ապա ստացվում է 608.6 մլրդ դրամ։ Այսպիսով, բյուջեի ծախսերը 2019-ի 1-ին կիսամյակին ավել են 2018-ի համապատասխան ժամանակաշրջանից սոսկ 2.3% կամ 14.6 մլրդ դրամ, իսկ 2017-ի առաջին կիսամյակի նկատմամբ, աթոռից բռնեք, որ չընկնեք, .... պակաս են 12 մլրդ դրամով (2017-ի առաջին կիսամյակի ծախսերը կազմել են 620 մլրդ դրամ)։ Եվ առանց անհարմար զգալու վարչապետն ու կառավարությունը խոսում են տնտեսական հեղափոխության եւ բյուջեի աճի մասին։
Հարց է առաջանում, իսկ ու՞ր են փողերը։ Չ՞է որ եկամուտների փոքրիկ, համեստ (ոչ այնքան, ինչքան փողվում է) աճ, այնուամենայնիվ, կա։ Սա արդեն հանելուկ է։ Մամուլում արդեն նշվել է, որ կառավարությունը այդ փողերը դեպոզիտ է դրել ԿԲ-ում կամ առեւտրային բանկերում։ Կառավարությունից ոչ-ոք բացատրություն չի տվել։ Ի՞նչի համար։ Ի՞նչու է փողը տնտեսությունից հանվում։ Եթե "սեւ" օրվա համար փող է խնայվում, ապա դրա համար կան ԿԲ պահուստները։ Եթե ֆիննախը դրանով ստերիլիզացնում է toxic եկամուտները (ինչն, ի դեպ, տրամաբանական կլիներ), ապա պիտի նկատենք, որ 2019-ի բյուջեի մասին օրենքով նման ծախս նախատեսված չէ։ Իսկ սա ապօրինի տնտեսական գործունեություն է։ Դժվարանում եմ ասել, թա այս կամայականությունները ու՞ր են տանելու»,–նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը