20 07 2019

Ինչո՞ւ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը. Կարեն Ճշմարիտյան

Ինչո՞ւ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը. Կարեն Ճշմարիտյան

Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Այստեղ չկան աղյուսակներ, թվեր, ցուցանիշներ, բանաձևեր, գծապատկերներ, փորձարկման տվյալներ, հղումներ, և այլն:  Սա գիտական հոդված չէ։  Հնարավորինս պարզեցված ընդհանրացումներ և մոտեցումներ են:

Մարդկության ողջ պատմությունը ուղեկցվել է արդյունավետ տնտեսության մոդելի փնտրտուքով:

Մարդ էակն իր գոյության առաջին իսկ օրվանից ձգտել է բավարարել իր ֆիզիկական և հոգևոր պահանջները: Դրա համար նա միշտ պատրաստ է եղել գործադրել իր ֆիզիկական և մտավոր ունակությունները: Միևնույն ժամանակ` դրա իրագործումն ուղեկցվել է այդ նպատակին հասնելու համար գործադրվող ջանքերի և էներգիայի (ֆիզիկական և մտավոր) հնարավորինս նվազ ծախսով առավել արդյունք ստանալու բնատուր և մարդ էակին բնորոշ ձգտմամբ:

Այսինքն` ի սկզբանե մարդ էակի մեջ դրված է հնարավորինս նվազ ջանքերով առավելագույն արդյունքի հասնելու աստվածատուր հատկությունը:

Ասել է թե` արդյունավետ լինելու մղումը ծնվել է մարդ էակի հետ և ուղեկցում է նրան իր ամբողջ գոյության ընթացքում: Ասել է թե` մարդու կողմից կազմակերպած տնտեսությունը բնականորեն ուղեկցվել է և ուղեկցվում է առավել արդյունավետ դարձնելու ձգտմամբ:

Ըստ պատմագետների ու սոցիոլոգների՝ առաջին փուլում մարդկությունը բավարարել է իր պահանջմունքները, այսինքն` վարել է իր տնտեսությունը որսորդությամբ, երկրորդ փուլում` գյուղատնտեսությամբ ու արհեստագործությամբ, իսկ հետագայում` աստիճանաբար այդ պահանջմունքների բավարարման միջոցներ ու գործիքներ են դարձել մեքենաներն ու սարքերը: Իմիջիայլոց` տնտեսական հեղափոխությունները սրանք են:

Ա՛յ հենց հետագայում էլ սկսվում է պահանջմունքները բավարարելուն ուղղված մարդկային աշխատանքի (ֆիզիկական ու մտավոր ունակությունների նպատակադրված գործադրման) առավել արդյունավետ կազմակերպմանը հասնելու ավելի արագ, լարված, բուռն, հնարավորինս գիտակցված, նաև` գիտականորեն հիմնավորելու դարաշրջանը:

Այս ծայրահեղ պարզունակ նախաբանից հետո կարելի է պնդել, որ որքան էլ փորձենք բարդացնել ու խճողել «տնտեսություն» հասկացության բուն նպատակն ու իմաստը, այն եղել և մնում է` մարդու կողմից իր և իր հաջորդ սերունդների կենսական պահանջները բավարարելու և կենսագործունեությունն ապահովելու միջոց, և ոչ ավելին:

Հետևում է մի շատ պարզ հարց` իսկ ինչպե՞ս վարել տնտեսությունը, ինչպե՞ս կազմակերպել այն, որպեսզի այն լինի արդյունավետ, արդյո՞ք կա որևէ ունիվերսալ լուծում, մոդել, «դեղամիջոց»:

Անթիվ, անհամար ուսումնասիրություններ և մեկը մյուսից արժեքավոր գիտական աշխատություններ կան, սակայն վերջնական և բոլորի համար ընդունելի և հասկանալի սպառիչ պատասխան կարծես թե չկա, որովհետև առկա չէ տնտեսագիտության ամենագլխավոր հարցի սպառիչ ու հիմնավոր պատասխանը` իսկ ո՞րն է արդյունավետության չափանիշը: Տնտեսագիտության հարցերի հարցը այդպես էլ մնում է անպատասխան:

«Տնտեսագիտությունը մաթեմատիկա չէ…»

Ամբողջ աշխարհը և բոլոր երկրներն առանձին առանձին ձգտում են գտնել տնտեսության ինչ-որ մի ունիվերսալ արդյունավետ մոդել, որն անշեղորեն ամենուրեք կապահովի մարդու բոլոր կենսական պահանջները և կերաշխավորի հաջորդ սերունդների կայուն զարգացումը:

Ի թիվս այլ պատճառների՝ սա նույնպես դրդել է, որպեսզի անընդհատ, անդադար, դարերի ընթացքում փոփոխվեն հասարակարգեր, քաղաքական համակարգեր, տնտեսական քաղաքականություններ, քաղաքական ղեկավարություններ, և լինեն պատերազմներ, հեղափոխություններ ու հեղաշրջումներ: Դրան զուգահեռ` տնտեսագիտական միտքը նույնպես չի դադարում արդյունավետ ունիվերսալ տնտեսության մոդելի փնտրտուքը:

Ստեղծվում և տարածվում են նոր գաղափարներ, գաղափարախոսություններ, մոդելներ, շարքեր, գործակիցներ, պարզ ու բարդ բանաձևեր, ցուցանիշներ ու ցուցիչներ, վարկանիշներ ու համեմատություններ: Դարեր շարունակ իրականում շատ արժեքավոր, բացառիկ գիտական աշխատություններ են գրվել, բացառիկ հայտնագործություններ են արվել: Իրոք` այս հրաշք գիտությունն այսօր էլ հարստանում է նոր գաղափարներով, մտքերով, մոտեցումներով: Նույնիսկ գերհզոր պետություններն այդպիսի մոդելների ու մոտեցումների կիրառման փորձարկումներ են կատարել առավել թույլ զարգացած շատ երկրներում և երբեմն հաջողել են:

Այդուհանդերձ, դեռևս գոյություն չունի որևէ մի ունիվերսալ ցուցիչ, ցուցանիշ, մի պարզ, կամ բարդ մաթեմատիկական բանաձև, մի գործակից, կամ` ինչ-որ մի հստակ գիտականորեն հիմնավորված ձևակերպում, որը վերջնական կսահմանի, թե ինչպես չափել արդյունավետությունը: Այսինքն` ո՞րն է այն միակ ցուցանիշը (կամ թեկուզ մի քանիսը) որը կարելի է համարել և հիմնավորված ընդունել՝ որպես արդյունավետության չափանիշ, ինչպե՞ս հաշվել այն:

Հայտնի է, որ` ընդհանուր պարզագույն սահմանումը հետևյալն է` հնարավորինս նվազ ծախսով (ռեսուրսների, միջոցների, ֆիզիկական և մտավոր էներգիայի) առավելագույն արդյունքի հասնելն է արդյունավետությունը: Ըստ որում` շատ կարևոր է տարանջատել արդյունավետությունը երկրի կտրվածքով, և արդյունավետությունը` տնտեսության ճյուղի, կամ` մեկ տնտեսական միավորի կտրվածքով:

Միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ է ընդգծել, որ համարյա բոլոր տեսական մոտեցումների, մոդելների, բանաձևերի, գործակիցների, վարկանիշների, համեմատությունների մեջ հիմնականում անտեսվել է մարդ էակի բուն էությունը:

Նշվածը չի վերաբերում տնտեսությունն արդյունավետ վարելու՝ մարդու վերը նշված բնատուր ձգտմանը, այլ առավելապես վերաբերում է` մշակութաբանական, ազգային, պատմականորեն ձևավորված առանձնահատկություններին:

Այնքան է այդ բանաձևերում ու մոդելներում ամեն ինչ «հեռացել» մարդուց, մարդ էակից, այնքան է մոռացվել մարդը` իր էությամբ, որ տնտեսագիտության մեջ, փաստորեն, գործնականում մեծամասամբ հաշվի չի առնվում այդ նույն տնտեսությունը կազմակերպողի, կարգավորողի, կառավարողի, արդյունք ստեղծողի և բաշխողի ներքին բնույթը, տեսակը. այն է` ազգությունը, պատմությունը, մշակույթը, կրոնը, ազգային առանձնահատկությունները, նաև ամենակարևորը` էթնիկ հոգեբանությունը, դրանցից բխող և դրանցով կանխորոշվող գործողությունների յուրահատկությունները:

Այսինքն` այն վարքագիծը, որը որոշ դեպքերում համընկնում, որոշ դեպքերում` սահմանափակում, իսկ որոշ դեպքերում՝ ընդլայնում է այս կամ այն տնտեսական կամ իրավական համակարգի գործնական կիրառումը:

Արդյո՞ք դրանք ոչ մի ազդեցություն չունեն առանձին վերցրած մեկ երկրի (մանավանդ՝ ազգային պետություն հանդիսացող), տնտեսության զարգացման հեռանկարների կանխորոշման, տնտեսությունը վարելու, տնտեսական հարաբերությունները կարգավորելու, մարդու աշխատանքը կազմակերպելու և, ընդհանրապես` արդյունք ստեղծելու և այն բաշխելու ընթացքում ծագող բոլոր այն հարաբերությունների վրա, որոնք բնորոշում և ուղղորդում են տնտեսվարման ամբողջ ընթացքը:

Իսկ միգուցե տնտեսագիտության մեջ հենց մարդու տեսակի, ազգի, ցեղի յուրահատկությունները հաշվից դուրս թողնե՞լն է պատճառը, որ մի քանի հարյուրամյակ է՝ չի գտնվում այդ «չարաբաստիկ» արդյունավետ ունիվերսալ տնտեսության մոդելը: Կամ միգուցե այն (տնտեսության ունիվերսալ մոդելը) պետք չէ՞… և չարժե՞ այլևս փնտրել:

Չի բացառվում, որ վերջինս էլ, այսինքն` ազգային առանձնահատկությունների և էթնիկ հոգեբանության հաշվից դուրս թողնելն է, որ ստիպել և հանգեցրել է արհեստական բանականության ստեղծման ու լայնորեն կիրառման օրակարգին, և ոչ միայն դրան: Սակայն նույնիսկ այս գաղափարի գործնական լայնորեն կիրառման պարագայում հնարավոր չի լինի խուսափել էթնիկ ազդեցություններից և մարդկային գործոնից:

Հավանաբար այդ ազդեցությունից հնարավոր կլինի խուսափել միայն այն դեպքում, երբ մարդու կողմից ստեղծված որևէ «մեքենա» ի զորու կլինի ստեղծել իրենից ավելի կատարյալ մի «մեքենա», բայց արդեն ինքնուրույն` առանց մարդու միջամտության: Սակայն նշված դեպքում կսկսվի արդեն ընդհանրապես մարդկության գոյությունը կասկածի տակ դնելու փուլը: Կարճ ասած՝ դա կլինի մարդկության վերջի սկիզբը:

Այնուամենայնիվ, կա մի շերտ, որը համոզված է, որ նշված էթնիկ գործոններն անտեսելով, և տնտեսությունը վարող գլխավոր դերակատարի, այսինքն` մարդ էակի վրա զուտ արտաքին գործոնների ազդեցությամբ (բարոյական, տնտեսական և իրավական նորմերի կիրառմամբ) հնարավոր կլինի հասնել նաև ունիվերսալ, միատիպ մարդու արարմանը:

Գուցե հենց ա՞յս նպատակի իրագործմանն են ուղղված եղել դեռևս Մակեդոնացու ժամանակից սկսված և 20-րդ դարի սկզբից լայն թափ ստացած «…ազգերի միջև պատնեշները վերացնելուն…» ուղղված լենինյան ջանքերը: Չէ՞ որ հենց այդ ժամանակ ըստ էության ազդարարվեց գլոբալիզացիայի առավել բուռն դարաշրջանի սկիզբը:

Այսպիսով, վերոնշյալը հաշվի առնելով` առանձին վերցրած երկրի (մանավանդ՝ ազգային ընդգծված մեծամասնություն ունեցող) տնտեսության կազմակերպման համար որևէ առավել նպատակահարմար մոդել կիրառելու խնդրի լուծման տրամաբանական և ընդհանրական երկու մոտեցում է առաջ գալիս:

Առաջին մոտեցումը. քանի որ դեռևս հնարավոր չէ տնտեսական մոդելների մեջ ներառել և հաշվարկել էթնիկ յուրահատկության գործոնը, (տարբեր տնտեսամաթեմատիկական մոդելների մեջ կիրառվող նույնիսկ էմպիրիկ գործակիցը շատ սուբյեկտիվ է), ապա պետք է աշխարհով մեկ ստեղծել մի ունիվերսալ մարդու մոդել` առանց ազգային, մշակութային, լեզվական, արժեքային և էթնիկ հոգեբանական առանձնահատկությունների և տարբերությունների:

Այլ կերպ ասած` թվայնացված, ամբողջովին ռոբոտացված, արհեստական պարզագույն կենսաբանական անհոգի միավոր: Բնական է, որ միայն այդ դեպքում տեսանելի կլինի տնտեսության կազմակերպման, կարգավորման ու կառավարման այնպիսի միատեսակ բանաձևումը, որի դեպքում գլխավոր գործող անձի, գլխավոր արդյունք ստեղծողի, այսինքն՝ մարդու, ներքին, ազգային առանձնահատկություններից բխող հատկանիշներն այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենա նրա վարքագծի, հետևաբար՝ նաև տնտեսական արդյունքի վրա: Մոդելավորելը կդառնա շատ դյուրին գործ:

Երկրորդ մոտեցումը. այնուամենայնիվ` տնտեսագիտական մոդելները, մոտեցումները տեղայնացնել` հաշվի առնելով, համադրելով, ադապտացնելով ու ներդաշնակեցնելով վերը նշված առանձնահատկությունների հետ:

Ստացվում է, որ առկա է երկու ուղի.

առաջին` բոլոր երկրները, հատկապես ազգային պետությունները հրաժարվում են իրենց պատմությունից, մշակույթից, լեզվից, կրոնից, մնացած ազգային արժեքներից և միանում են «ունիվերսալ մարդ» ստանալու համաշխարհային «շարժմանը», և հայտնի չէ, թե երբ են սկսում զարգանալ առաջարկվող մոդելներով ու մաթեմատիկական բանաձևերով:

երկրորդ` պահպանում են արժեքները և ընտրում են իրենց ուրույն զարգացման ուղին, օգտվելով այդ նույն` արդեն փորձարկված տնտեսագիտության բավականին հարուստ ռեսուրսից:

Ցանկացած բանական և գիտակից մարդու պատասխանը պիտի որ միարժեք լինի, այն է` պահպանում ենք ազգը և փորձում ենք տնտեսապես զարգանալ:

Առանց մանրամասնելու՝ պետք է նշել, որ ասվածին կարող են և հակադրվել, հատկապես նրանք, ովքեր ներքուստ դեմ են` ազգ, պետություն, հայրենիք, լեզու, կրոն, ազգային մշակույթ, բարոյականություն, և վերջապես` էթնիկ հոգեբանություն ասածին: Նրանց չափազանց մեղմ և պայմանական՝ անվանենք «մոդելապաշտներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ