24 06 2019

Քանակը դեռ որակ չէ․ ի՞նչ է շահում բյուջեն ՀԴՄ կտորնների ավելացումից․ 168․am

Քանակը դեռ որակ չէ․ ի՞նչ է շահում բյուջեն ՀԴՄ  կտորնների ավելացումից․ 168․am

168․am-ը գրում է․ «Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին հետևողական լինել ՀԴՄ կտրոնների տրամադրման նկատմամբ։ Դժվար է ասել, թե մարդիկ որքանով արձագանքեցին վարչապետի կոչին, բայց այսօր էլ բազմաթիվ տնտեսվարողներ խուսափում են կտրոններ տալ, իսկ մարդիկ առաջվա նման անտարբեր են նայում այդ երևույթին։

Իհարկե, դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թարմացնի տպված լրացուցիչ կտրոնների վերաբերյալ իրեն հասանելի տեղեկատվությունը։ Ահա և դրանցից հերթականը՝ «Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել։ Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները»,- օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ վարչապետը գերադասեց ոչինչ չասել ավել տպված կտրոնների ֆինանսական արդյունքների մասին։ Մինչդեռ կարևորը ոչ թե այն է, թե քանի ավել կտրոն է տպվել, այլ այն, թե դրա արդյունքում ինչքա՞ն հավելյալ շրջանառություն է արձանագրվել, և ի՞նչ է ստացել պետական բյուջեն։ Եթե կտրոնների ավելացումից շրջանառությունները չպիտի փոխվեն, ապա որևէ նշանակություն չունի՝ տպվող կտրոնների թիվը կավելանա՞, թե՞ կպակասի։

Կտրոններ տպելը, ի վերջո, ինքնանպատակ չէ։ Դրանով փորձ է արվում լուծել տնտեսությունը ստվերից դուրս բերելու և հարկելու խնդիրը։ Թե չէ բոլորովին էլ դժվար չէ այնպես անել, որ տպվող կտրոնների քանակն ավելանա, իսկ շրջանառությունները մնան նույնը կամ նույնիսկ կրճատվեն։

Իհարկե, հակված չենք կարծել, որ հենց այդպես էլ եղել է։ Բայց պակաս կարևոր չէ նաև տեղեկանալ, թե ի՞նչ շահեց դրա արդյունքում պետական բյուջեն։

Այս հարցին Նիկոլ Փաշինյանը սովորաբար խուսափում է պատասխանել։ Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այդ առումով օրերս որոշ ֆինանսական բացահայտումներ արեց։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում` անդրադառնալով արձանագրված շրջանառությունների ավելացմանը և դրանց արդյունքում գոյացող հարկային եկամուտներին, ՊԵԿ նախագահը նշել էր, որ տարեսկզբի առաջին չորս ամիսներին ավել է հայտարարագրվել 55 մլրդ դրամի շրջանառություն։

Սա, թերևս, շատ ավելի կարևոր ցուցանիշ է, քան վարչապետի հայտարարած միլիոններով ավելի տպված կտրոնները։ Ավելի հայտարարագրված 55 մլրդ դրամ շրջանառության հարկային էֆեկտը, ըստ ՊԵԿ նախագահի, մոտավորապես 3-4 մլրդ դրամ է։

Սա այն գումարն է, որը պետք է ստանա պետական բյուջեն։ Այսինքն` խոսքը միջին ամսական շուրջ 1 մլրդ դրամին մոտ հավելյալ մուտքերի մասին է։

Շա՞տ է, թե՞ քիչ, այլ խնդիր է։ Ամեն դեպքում ամսական 1 մլրդ դրամը փոքր գումար չէ Հայաստանի պետական բյուջեի համար։ Բայց դա դեռ չի նշանակում, թե կառավարությանը հաջողվել է այս առումով լուրջ արդյունքներ արձանագրել։

Անշուշտ, իշխանափոխությունից հետո ՀԴՄ կտրոնների տրամադրման հետ կապված առաջընթաց միանշանակ կա։ Դա նկատվում է հատկապես այն ոլորտներում, որտեղ նախկինում հազվադեպ կարելի էր հանդիպել նման երևույթի։ Ասենք` բենզալցակայաններում կամ գազալցակայաններում, որտեղ այժմ կտրոնների չտրամադրման դեպքերն էապես նվազել են։ Պետք է ենթադրել, որ դա արտահայտվել է նաև շրջանառությունների ավելացման տեսքով։

Բայց այնպես չէ, որ ՀԴՄ կտրոնների տրամադրման առումով շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել։ Բազմաթիվ տեղերում դրանք ինչպես չէին տրամադրվում, այդպես էլ շարունակում են չտրամադրվել։ Ընդ որում, պատճառներից մեկն էլ կիրառվող հարկային քաղաքականության խութերն են, որոնք ստիպում են մարդկանց մտնել ստվերային դաշտ։

Խոսքը հատկապես շրջանառության հարկի գործող շեմի մասին է։ Կառավարությունն այդպես էլ հարկ չհամարեց այս տարվանից կիրառել 115 մլն դրամ շեմը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեին ամեն ինչ անել` չանցնելու այսօր գործող 58,3 մլն դրամի սահմանը։ Հակառակ դեպքում` հաջորդ տարվանից պարտադրված կլինեն աշխատել շատ ավելի ծանր հարկային դաշտում։

Տպված ՀԴՄ կտրոնների, ինչպես նաև դրանցով արձանագրվող շրջանառությունների ավելացումը, անշուշտ, ունի նաև օբյեկտիվ պատճառներ. ընդլայնվել է ՀԴՄ-ներով աշխատող տնտեսվարողների շրջանակը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից շուրջ 25 հազար նոր սուբյեկտներ պիտի ներառվեին այս ոլորտում, տեղադրեին ՀԴՄ-ներ և դրանցով անցկացնեին իրենց շրջանառությունները։ Իհարկե, բազմաթիվ տնտեսվարողներ մինչև այժմ էլ, երբ տարին կիսվում է, դեռևս չեն տեղադրել պահանջվող սարքավորումները։ Ու որքան էլ կարող է տրամաբանությունից դուրս լինել, պատճառն անհրաժեշտ քանակությամբ սարքեր չլինելն է։

Լավ իմանալով, որ հունվարի 1-ից ՀԴՄ-ների տեղադրումը պարտադիր է լինելու շուրջ 25 հազար նոր տնտեսվարողի համար` կառավարությունը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել համապատասխան քանակություններով շուկան ապահովելու համար։ Մինչև վերջերս 25 հազարից ընդամենը 10 հազարն էր կարողացել ՀԴՄ սարքեր ձեռք բերել և տեղադրել։

Նույնիսկ այդ պարագայում, բնական է, որ տպվող ՀԴՄ-ների թիվը պիտի ավելանար։ Դրանում զարմանալու պատճառ չկա։ 10 հազարը քիչ քանակություն չէ, և նույնիսկ օրական, շատ չէ, 5 կտրոն տպելու դեպքում, ամսական կստացվի 1,5 մլն կտրոն։

Ինչպես ՀԴՄ կտրոնների թվի, այնպես էլ շրջանառությունների վրա ազդել է նաև որոշ ոլորտներում հարկման ռեժիմների փոփոխությունը։ Խոսքը մասնավորապես արտոնագրայինից շրջանառության հարկի դաշտ տեղափոխվելու մասին է։ Դեռ անցած տարվա կեսից մի շարք ոլորտների համար դադարեց գործել արտոնագրային հարկը։

Ի դեպ, այդ փոփոխությունն ակնհայտ է նաև հարկային մուտքերի վրա. այս տարվա առաջին եռամսյակում արտոնագրային հարկից բյուջեի եկամուտներն ավելի քան 55 տոկոսով կրճատվել են։ Դրանք, բնականաբար, տեղափոխվել են այլ, այդ թվում` շրջանառության հարկի դաշտ։

Այս օրինակները ցույց են տալիս, որ տեղին չէ տպվող կտրոնների ավելացումը կապել բացառապես իշխանափոխության և կառավարության գործունեության հետ։ Այդ հանգամանքը, անշուշտ, ունեցել է իր ազդեցությունը։ Բայց այնպես չէ, որ այլ գործոններ չկան։ Չէ՞ որ պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում բարձր տնտեսական աճ է արձանագրում, հասարակության եկամուտների և ծախսերի ավելացում։ Եթե իրականում այդպես է, ապա դա, բնականաբար, չէր կարող չազդել սպառման ծավալների, հետևաբար նաև՝ տպվող կտրոնների ու ՀԴՄ շրջանառությունների վրա։

Եվ վերջապես, այնպես չէ, որ նախկինում ՀԴՄ կտրոնների թիվը չէր ավելանում, կամ շրջանառություններ չէին աճում, ու միայն իշխանափոխությունից հետո է այդպես»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ