«Բյուջեի կատարողականն ուսումնասիրելիս նկատում ենք, որ տոկոսային առումով կատարված են 95 կամ, ասենք, 86 տոկոսով: Հարյուր տոկոսով կատարում գրեթե չենք հանդիպում: Ինչո՞վ է պայմանավորված նման արդյունքը»,- Ազգային Ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
«Այո, Ձեր դիտարկումները տեղին են: Այս դեպքերում խոսքը վերաբերում է միայն ֆինանսական ցուցանիշների կատարման տոկոսին: Մենք, սակայն, այդ տոկոսով դեռևս չեն բացահայտում այն արդյունքները, որոնք արձանագրվել են»,- ի պատասխան նշեց ֆինանսների նախարարը:
Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց նաև, թե առաջիկայում նոր վարկային միջոցներ ներգրավվելու՞ են նոր բյուջեում, թե՞ ոչ, որին Ջանջուղազյանը դրական պատասխան տվեց:
«Այո, նոր վարկային միջոցներ նախապատրաստվում ենք իրականացնել: Մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ ոչ թե պետք է մտածել հարկային միջոցներով վարկերը մարելու մասին, այլ ընդհակառակը, պետք է մեր փոխառություններով այնպիսի տնտեսական աճ ունենանք, որ այդ վարկային միջոցները իրենց տեսակարար կշռով և ազդեցության չափով նվազագույնի հասցվեն: Այսինքն, պետք է ձգտենք, որ բարձրանա դրա կառավարելիության աստիճանը»,-ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը