Վերջին օրերի տնտեսական ամենահետաքրքիր լուրը կարելի է համարել խորհրդարանական քննարկումների ընթացքում հնչած պաշտոնական տեղեկատվությունը ներդրումների ինքնատիպ «կառուցվածքի» մասին։ Մեր տնտեսության արտահանման ճյուղերում ներդրումները, պարզվում է, չորսից չորսուկես անգամ ավելի քիչ են։ Ավելի քիչ, քան ոչ արտահանման, այսինքն՝ զուտ ներքին սպառմանը միտված ոլորտներում։ Ասեք, որ շատ մասնագետների համար սա համարյա անհավատալի փաստ է։ Մինչդեռ խորհրդարանում հնչած պաշտոնական տեսակետը առավել հետաքրքիր փաստեր է ներկայացնում։
Պարզվում է, որ մեր տնտեսության՝ արտահանման միտված հատվածը 40-50 տոկոսով ավելի ցածր եկամտաբերություն է ապահովում, քան ներքին սպառմանն ուղղված գործարար ոլորտները։ Տարիներ շարունակ մեր տնտեսական միտքն ու տնտեսության կառավարիչները «մի հանգի» խոսում են արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում արձանագրվող տխուր իրավիճակի մասին։
Մեր արտահանումների ծավալը միշտ նկատելիորեն պակաս է ներմուծումների ծավալից։ Բացասական սալդոն խրոնիկական բնույթ ունի։ 2014թ. ուշ աշնանն արձանագրված դրամի թռիչքաձև արժեզրկմանը հսկայական բացասական իներցիա հաղորդեց՝ հաջորդ մեկ-երկու տարին կտրուկ վատթարացնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։ Վիճակը շտկվեց 2017-ին, և 2018-ի թվերով հնարավոր է խոսել որոշակի կայունացման մասին։ Սակայն այս կայունությունը ևս իր հերթին արձանագրեց բացասական սալդոյի չափազանց բարձր մակարդակ։
Փորձագետներից շատերի կարծիքով տնտեսական այս երբեմնակի ցնցումների ու դրական տենդենցների բացակայության հիմնական պատճառը ազգային վճարամիջոցի «պինդ» կուրսն է։ Այն, բնականաբար, ապահովվում է հանուն գնաճի դեմ ֆինանսական իշխանությունների հայտարարած «սրբազան պատերազմի»։
Հանուն գների կայունության՝ մեր տնտեսության մեջ խորթ ոլորտի կարգավիճակ են ստանում արտահանման ճյուղերը։ Տնտեսական առաջընթացի իրական հնարավորությունները ստորադասվում են գնաճի ցածր տեմպին ու դրամի փոխարժեքի կայունությանը։ Ճիշտ է, պարբերաբար դրամի փոխարժեքը պահել հնարավոր չի լինում (օրինակ՝ հանրահայտ 305 դրամից ցատկը կամ 2014-ի աշնանային արժեզրկումը)։ Բայց դրամի կտրուկ արժեզրկման պահերին այդ գործընթացը տրամագծորեն հակառակ ազդեցությունն է թողնում։
Դրամի կտրուկ արժեզրկումը թանկացնում է արտահանումը և «էժանացնելով» ներմուծումը՝ խթանում է այն։ Ասեք, որ հակասական ու ինքնատիպ վիճակ է։ Պատկերավոր ասած՝ ներդրումների քաղցից խեղդվող տնտեսությունն արտահանման ուղղվածություն ունեցող ներդրումների համար համարյա կրկնակի պակաս եկամտաբերություն է ապահովում։ Արդյունքում արձանագրել ենք, որ զուտ ներքին սպառման ոլորտի համեմատ՝ 4-4․5 անգամ ավելի պակաս ներդրում է հնարավոր ապահովել արտահանման ճյուղերի համար։ Սրա պատճառը նաև այն է, որ մեր արտադրանքի ինքնարժեքը չափազանց բարձր է, և այն մրցունակ չէ արտաքին շուկայում։
«Իսկ ինչի՞ արդյունք է բարձր ինքնարժեքը» հարցն առայժմ չի քննարկվում։ Քննարկելիս էլ սլաքներն ուղղվում ենք թանկ էներգակիրների ուղղությամբ։ Էներգակիրները հնարավոր է՝ իրավ թանկ են։ Բայց գուցե արժե՞ վերլուծել ու վերանայել ոչ պակաս թանկ ու անարդյունավետ հարկային համակարգը ու փորձել նկատել տնտեսության իրական հատվածի խնդիրները։ Թե՞ այս անգամ էլ կբավարարվենք բացասական փաստերի սոսկական արձանագրմամբ։
Աղյուսակ․ ՀՀ արտահանման և ներմուծման դինամիկան 2013-2018թթ․
Տարեթիվ | Արտահանում | Ներմուծում |
2013 | 1,480․0 | 4,476.8 |
2014 | 1,519.3 | 4,401.6 |
2015 | 1,486.9 | 3,254․0 |
2016 | 1,782.9 | 3,292.4 |
2017 | 2,242.9 | 4,182.7 |
2018 | 2,411.9 | 4,963.2 |
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը