Yerkir.am-ը գրում է․ «Օրերս Ազգային ժողովն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխություն նախատեսող օրենքը:
Թերևս դրականն այն է, որ պաշտոնակատարների փոխարեն վերջապես կնշանակվեն բոլոր նախարարները, և կունենանք լիարժեք ձևավորված կառավարություն: Ի վերջո, կկատարվեն կառավարության ձևավորմանը վերաբերող` ՀՀ Սահմանադրության պահանջները:
Մյուս կողմից` արդեն այս փուլում նոր թափ են առնում պետական համակարգում, այսպես կոչված, օպտիմալացման խնդիրների շուրջ քննարկումները: Վաղուց արդեն պարզ է, որ հիմնական նպատակադրումը պետական հատվածի աշխատատեղերի կրճատումն է: Պարզ է նաև, որ չեն հրապարակվում կրճատման իրական չափերը, և իրավիճակից կախված՝ օրվա իշխանությունները հնչեցնում են իրարից էապես տարբերվող թվեր: Սկզբում ներկայացվում էին պետական համակարգի գերուռճացվածության և նախատեսվող կրճատումներին վերաբերող անհասկանալի մեծ թվեր՝ մինչև տասը հազար: Հանրային առարկայական դժգոհությունները տեսնելով՝ կառավարությունը հետ քայլ արեց, և հրապարակ բերվեց փուլային կրճատումների՝ առավել անցնցում տարբերակը` առաջին փուլում բավարարվելով մինչև հարյուր աշխատատեղերի կրճատումներով:
Առիթ ունեցել ենք հայտնելու հրապարակային տեսակետներ և փաստարկված մտահոգություններ կառավարության նոր կառուցվածքի, օպտիմալացման քողի ներքո պետական հատվածի աշխատատեղերի նպատակադրված կրճատումների վերաբերյալ: Առաջին հայացքից այս գործընթացները, կարծես, հիշեցնում են նախկին իշխանությունների կողմից մոտ անցյալում նախաձեռնած՝ պետական համակարգի աշխատատեղերի կրճատման նույնաբովանդակ շարունակությունը:
Միանգամից հարկ է նշել, որ պետական գործառույթների նվազեցումը, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո՝ աշխատատեղերի կրճատումներն ինքնին չեն կարող համարվել համակարգային օպտիմալացում և ինքնաբերաբար չեն հանգեցնելու պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Օպտիմալացման գործընթացները միագործոն չեն, և համակարգային առումով սխալ կլինի դրանց հանգուցալուծումը` միայն որոշակի ընդհանրական տպավորություններով, ասենք՝ «համակարգն ուռճացված է, պետական ծառայողները սուրճ են խմում, ուստի այդ աշխատատեղերը պիտի կրճատվեն»: Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ և ավելորդ շտապողականությամբ օբյեկտիվորեն առաջ են գալու համակարգային՝ չլուծված ավելի շատ խնդիրներ:
Պետական հատվածի աշխատատեղերի կրճատումը տրամաբանորեն պետք է ածանցվի օպտիմալացման հիմնական գործընթացներից և ինքնաբերաբար պետք է հանդիսանա վերջին փուլը: Նախ՝ պետք է հստակ ու չափելի ուրվագծվեն երկրի զարգացման ծրագիրը և պետության դրական պարտավորությունները, այն է՝ պետության կարգավորիչ ու մասնակցային դերակատարումը հանրային կյանքում: Հետո անհրաժեշտ է սահմանել պետական համակարգի գործառույթների համալիր շրջանակը, դրանց բովանդակային մանրամասն նկարագրերը: Դրան համապատասխան նոր հնարավոր կլինի ձևավորել պետական կառավարման համակարգի ամբողջական կառուցվածքը: Միայն այս հիմնարար քայլերի արդյունքները կարող են բավարար լինել՝ մշակելու գործող համակարգը նորով փոխարկելու արդյունավետ մոդելը: Հենց այս մոդելը կարող է լիարժեք ներառել պետական տարբեր մարմինների միջև և դրանց ներսում պետական ռեսուրսների տրամաբանական վերաբաշխումն ու նախատեսվող գործառույթների հետ արդյունավետ հավասարակշռումը: Վերջինս, բնականաբար, պետք է հիմնված լինի մասնագիտական խորքային վերլուծությունների, իրատեսական հաշվարկների ու կանխատեսումների վրա: Հետևաբար՝ հիմնավոր, չափելի ու տեսանելի կդառնան նաև պետական այն ռեսուրսները, այդ թվում՝ աշխատատեղերը, որոնք օպտիմալացման արդյունքում անխուսափելիորեն ենթակա են վերաբաշխման կամ կրճատման:
Պակաս կարևոր չէ նաև առարկայական այն հանգամանքը, որ օպտիմալացման արդյունավետությունն ուղղակի պահանջում է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակող մասնագետների ընտրությունը կազմակերպել բացառապես արդար և մրցակցային սկզբունքների հիման վրա: Նախապատվությունը պետք է տալ հանրային ծառայողի մասնագիտական և մարդկային որակներին, օբյեկտիվ գնահատված մասնագիտական ունակությունների համապատասխանությանը զբաղեցվող պաշտոնին, այլ ոչ թե կուսակցական պատկանելությանը կամ «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերին: Ցավոք, այս անընդունելի գործելաոճը շարունակվում է՝ ստանալով նոր ձևեր և փաթեթավորումներ:
Հարկ է ևս մեկ անգամ կրկնել՝ այս կարևոր ու բարդ գործընթացները յուրաքանչյուր դեպքում անշեղորեն պահանջում են այն գիտակցումը, որ հանրային ծառայողի պրոֆեսիոնալիզմը կուսակցական պատկանելություն չունի, ազգակցական, բարեկամական կապեր չի ճանաչում: Այսինքն՝ պետական համակարգ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու և նրանց կարիերայի աճի համար պետք է ստեղծվեն արդար, հավասար ու իրական հնարավորություններ:
Մյուս կողմից՝ չպետք է որևէ կերպ ընդհանրացվեն և թերագնահատվի պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի և էական սոցիալական ազդեցությունը աշխատանքը կորցնող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վրա: Օպտիմալացման գործընթացները պետք է ունենան սոցիալական լիարժեք բաղադրիչ: Պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում՝ աշխատանքը կորցնելու ռիսկ ունեցող անձանց սոցիալական կարիքների և դրա հետևանքով առաջացող առարկայական խնդիրների լուծման հնարավորությունների համալիր գնահատման հենքով:
Գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող «Աշխատի՛ր, Հայաստա՛ն» կարգախոսի ներքո ևս անընդունելի է օբյեկտիվ այն փաստի անտեսումը, որ աշխատանքը կորցնողի հետևում ընտանիք է՝ իր սոցիալական ծանր խնդիրներով:
Իսկ մեր երկրում աշխատաշուկան շարունակում է գերլարված մնալ՝ գործազրկության 20,8 տոկոս մակարդակի և շուրջ 25 տոկոս աշխատող աղքատների ֆոնին, երբ միջին աշխատավարձը նախորդ մեկ տարվա ընթացքում աճել է ընդամենը երկու տոկոսով, իսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը շուրջ 10 տոկոսով գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը»։
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը