22 03 2019

«Վերածնունդ» ավանի վարկավորման պայմանները վատթարացել են․ Արսեն Քարամյան

«Վերածնունդ» ավանի վարկավորման պայմանները վատթարացել են․ Արսեն Քարամյան

Երևանի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում  կայացավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի արարողությունը։

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը ասաց, որ շենքերը լինելու են սեյսմակայուն, բնապահպանների կողմից բարձրացված հոսող հողերի խնդիր էլ չկա։

«Բնապահպանական տեսանկյունից բոլոր փաստաթղթերը կան, մենք անցել ենք համապատասխան բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ բոլոր հետազոտությունները, այնպես որ, բնապահպանական խնդիր այստեղ չի կարող լինել։ Ես խորհուրդ կտայի, որ մեր բնապահպանները մտածեին համալիրի տարածքին հարող այգիների չորացման մասին, որովհետեւ այնտեղ, ըստ երեւույթին կան ոռոգման խնդիրներ»։

Հողամասի ընդհանուր մակերեսը 6,7 հա է, կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 227 500 քմ, կառուցված շենքերում լինելու է 1100 բնակարան։ Համալիրում նախատեսված է ունենալ ավտոկայանատեղիներ՝ նախատեսված ավելի քան 800 մեքենայի համար: Լինելու են հասարակական նշանակության տարածքներ՝ խանութներ, գրասենյակային տարածքներ, ցուցասրահներ, ինչպես նաեւ մանկապարտեզ, մարզաառողջարանային համալիր, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, ճեմուղիներ, զրուցարաններ: 

Կառուցվող շենքերի շահագործման հանձնելու տարեթիվը 2021 թ.նոյեմբերն է, Ավանի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2022 թ. մայիսը: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54 միլիարդ ՀՀ դրամ է:

Ավանում կառուցվելու է մանկապարտեզ՝ մինչև 220 երեխայի համար․ մարզահամալիր (150 մարդ/ժամ), առեւտրի եւ սպասարկման կենտրոն, կինոթատրոն:

«Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանաշինության վարկավորման պայմանները, ցավոք սրտի, վատթարացել են։ Արսեն Քարամյանի խոսքով՝ նախկինում որոշակիորեն առանձին  ֆինանսական գործիք էր կիրառվում, եւ իրենց ծրագրերի համար շահառուները որոշակի, այսպես ասած, մեղմ պայմաններ էին ստանում. «Վերաֆինանսավորման գործիք կար։ Ցավոք, ներկայումս այն այլեւս չկա։ Եվ  ստացել ենք այն պատկերը, ինչ-որ ստացել ենք»,-ասաց Քարամյանը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե վարչապետն ասել է, որ պետք է խնդիրը լուծվի, և շահառուների համար մատչելի դառնան պայմանները, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ասել է, թե իբր խնդիրը լուծված է, մինչդեռ վարկավորման տոկոսը 7-7,5-ից դարձել է շուրջ 11 տոկոս, Քարամյանն ասաց. «Ես լավ տեղեկացված չեմ  ներկայումս ընթացող այդ գործընթացների վերաբերյալ։ Հավանաբար խոսքը վերաբերում է պետական նպատակային ծրագրի պայմանների որոշակի բարելավման մասին, որի վերաբերյալ վերջերս կառավարության համապատասխան որոշում  եղավ, եւ լրացում եղավ 2010թ․-ի հունվարի 29-ի որոշման մեջ։

Ցավոք,  պետական նպատակային ծրագրի չափորոշիչների տիրույթում հնարավոր չէր  լուծել այն խնդիրը, որ սկզբից գոյացել էր սուբսիդավորման մեր ծրագրերի մասով։ Եվ այո, այսօր  շահառուների մի մասի համար մատչելիության որոշակի անկում ունենք»:

Տոկոսների բարձրացումը, Քարամյանի խոսքով, պայմանավորված էր կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման բացակայությամբ։ «Պայմանները հստակ են եւ փոփոխման ենթակա չեն։ Ցանկացած փոփոխություն հանրային կյանքում, կլինի քաղաքական եւ այլն, որոշակիորեն պետք է իր ազդեցությունն ունենա։ Հիմա այս ծրագիրն այն մասշտաբայնությունն ունի, որ այն չէր կարող իր ազդեցությունը չունենալ։ Եվ ծրագրի նախասաղմնային  վիճակում տեղի ունեցած փոփոխությունները շուրջ մեկ տարի առաջ որոշակիորեն դանդաղեցրին մեր ընթացքը։ Բայց այդ դանդաղությունը սրբագրումներ տվեց մեր ծրագրերին, եւ այդ մասով մենք դարձանք ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի տրամաբանված եւ անխոցելի։ Եվ չեմ կարծում, որ հետայսու որեւէ հանգամանք կարող է ազդել մեր գործունեության վրա, եթե բոլորս գործենք առողջ բանականության  եւ տրամաբանության շրջանակներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ