07 03 2019

Կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

Կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը մարտի 7-ի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Նշեռնք, որ ըստ նախագծի նախատեսվում է կառավարության հետեւյալ կազմը և կառուցվածքը՝

1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը»:

Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետների փոխարեն կլինի 2 փոխվարչապետ:

17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն:

«Առաջարկվում է միաձուլել Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության եւ գիտության նախարարությունը՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, միացնել Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:

Առաջարկվում է միաձուլել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները եւ գործառույթները:

Անդրադառնալով այս փոփոխություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման և Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելն է, քանի որ այսօր երկու ուղղությամբ խոցեր և պրոբլեմներ ենք տեսնում: Բայց այս ուղղությամբ գնալու ենք հավասարակշռված, հանդարտ գործընթացով, կադրային ջարդ չենք իրականացնելու, կոնսոլիդացվելու են նախարարության աշխատակիցները: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու, և մաքսիմալ օբյեկտիվ պետք է տեղի ունենա մարդկանց աշխատանքի գնահատումը՝ առանց հարակից պրոցեսների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ