05 02 2019

«Մուլտի Գրուպ»-ը հերքում է

«Մուլտի Գրուպ»-ը հերքում է

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ոստիկանության բացահայտմանը, թե «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է խոշոր չափերի նյութական վնաս: Սեդրակ Առուստամյանը հերքում է, որ Արտյոմ Զոհրաբյան անունով անձն «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների ցեմենտ է ձեռք բերել, որի արդյունքում պետությանը պատճառվել է  նյութական վնաս։

«Ոստիկանությունը նախօրեին հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր ոմն Արտյոմ Զոհրաբյան «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների ցեմենտ է ձեռք բերել, որի արդյունքում պետությանը պատճառվել է  նյութական վնաս։  «Մուլտի Գրուպ»  կոնցեռնի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ հրապարակված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն իր հարկային պարտավորությունները մշտապես իրականացրել է օրենքով սահմանված կարգով և պարտաճանաչ հարկատու է:

Ինչ վերաբերում է վերոնշյալ Արտյոմ Զոհրաբյանի հետ գործարքին, ապա պետք է նշեմ, որ վերջինին փաստացի պատկանող «Աննա-Էլեն»  և «Եվրո Շին» ՍՊԸ- ների հետ «Արարատցեմնետ» ՓԲԸ-ն աշխատել է հետվճարային տարաժամկետ վճարման սկզբունքով, սակայն դեռևս նախորդ  տարվա նոյեմբեր ամսին մենք դիմել ենք Ոստիկանություն, քանի որ վերջինները հրաժարվում էին վճարել դուրս գրված հարկային հաշիվների դիմաց, ավելին՝ փորձ էր արվում անվճարունակության հատկանիշների կանխամտածված մտադրությամբ  խուսափել ֆինանսական պարտավորությունների իրականացումից:

Այս դեպքում առավել քան տարօրինակ է, որ «Արարատցեմնետ» ՓԲԸ-ն դեռևս նախորդ տարի Ոստիկանությանը հաղորդագրություն է ներկայացնում սույն անձի ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ, սակայն նախօրեին տարածած հաղորդագրության մեջ իրավիճակը ներկայացված է միանգամայն այլ երանգներով:

Նույն հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիս -օգոստոս ամիսներին ընկերությունից յուրաքանչյուր տոննա ցեմենտի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել,  և որ դրա արդյունքում ևս պետությանը խոշոր չափերի վնաս է հասցվել:

Նշված փաստարկը բացարձակ հիմնազուրկ է, քանի որ այդ ընկերությունների հետ առքուվաճառքը ձևակերպվել է էլեկտրոնային հարկային հաշիվներով՝ ընկերության կողմից ցեմենտի բացթողնման գնով ՝ 54 հազար դրամով՝  ներառյալ ԱԱՀ, որից ձևավորված  բոլոր հարկային պարտավորությունները վճարվել են օրենքով սահմանված կարգով:  Այսինքն՝  այստեղ բացարձակ անտրամաբանական է 3 հազար դրամի հետվճարման հանգամանքը:

«Արարատցեմնետ»  ՓԲԸ-ն դատական կարգով հետամուտ է լինելու, որպեսզի վերը նշված ընկերությունների ժամկետանց ֆինանսական պարտավորությունները առաջիկայում բռնագանձվեն: Տեղեկացնեմ նաև, որ դատական հայցն արդեն իսկ ներկայացված է»:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, մեկ տոննան 51.500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540.000.000 դրամի ցեմենտ, որն իրացրել է 54.000 դրամով։ Նախնական տվյալներով՝ Արտյոմ Զոհրաբյանը ցեմենտը ձեռք է բերել իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ։ Առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարված գործարքի հետևանքով «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 81.000.000 դրամը գերազանցող նյութական վնաս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ