04 02 2019

«Արարատցեմենտը» պետությանը պատճառել է ավելի քան 269 միլիոնի վնաս



Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այդ տվյալների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, մեկ տոննան 51.500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540.000.000 դրամի ցեմենտ, որն իրացրել է 54.000 դրամով։ Նախնական տվյալներով՝ Արտյոմ Զոհրաբյանը ցեմենտը ձեռք է բերել իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ։

Առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարված գործարքի հետևանքով «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 81.000.000 դրամը գերազանցող նյութական վնաս։ Բացի այս, Արտյոմ Զոհրաբյանը դարձյալ իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Արարատցեմենտ» ընկերության տնօրինության հետ՝ մեկ տոննա ցեմենտը 54.000 դրամով գնելու վերաբերյալ։

Պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից օգոստոս ընկերությունից գնել է 200.950.500 դրամի 3721 տոննա ցեմենտ։ Համաձայն պայմանավորվածության՝ գումարը ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո Արսեն Առաքելյանի միջոցով գնորդը յուրաքանչյուր տոննայի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել։ Նշված ապօրինի գործունեության արդյունքում ևս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այն, նախնական հաշվարկով, 188.000.000 միլիոն դրամ է։ Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ուղարկվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ