Գազի ներքին սպառման գների վերանայում հնարավոր է: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «Գազպրոմի» հետ բանակցությունները ի՞նչ փուլում են, ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը, որպեսզի սպառողի համար գազի սակագինը չբարձրանա:
«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին, տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և կարծում եմ՝ կգտնենք կոնկրետ կետերը, որտեղ այդ վերանայումը հնարավոր է»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են:
Հարցին, թե հնարավո՞ր է պարգևավճարների հարցով իշխանությունները նոր օրենքի նախագիծ բերեն, նա պատասխանեց. «Բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք, բայց եթե ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցենք մասնավոր սեկտորին և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կարդերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր»,-ասաց նա՝ ավելացնելով, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ չեն եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը