21 01 2019

Ջրի ռեսուրսների և ականջահաճո հեքիաթների մասին

Ջրի ռեսուրսների և ականջահաճո հեքիաթների մասին

Նախկին Վարչապետ Հրանտ Բագրատյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուրախ եմ, որ ջրի մասին քննարկումներն այսքան հետաքրքրություն առաջացրին։ Քանի որ շատ հարցեր առաջացան, ուստի կարևոր եմ համարում խնդիրն ամփոփելը և մի քանիսին պատասխանելը։

1. Ջրի ռեսուրսները երկիր մոլորակի վրա անփոփոխ են։ Դրանք, որպես կանոն, ոչ ավելանում են, ոչ էլ պակասում։ 

2. Ջրի դեֆիցիտ կարող է լինել այնքանով, որքանով որ ընթացիկ սպառումը կավելանա։ Այդ դեպքում ջուրն էլի չի պակասի, պարզապես չի կարող հասցնել վերականգնվել (գոլորշացում, տեղումներ, ստորգետնյա կուտակումներ, աղբյուրներ և այլն)։

3. Քաղցրահամ ջրերը երկրագնդի պաշարների 2%-ն են կազմում։ Վերջին շրջանում մի շարք երկրներ (Իսրայել, ԱՄԷ) սովորել են ծովի ջուրը զտել այնպես, որ համենայն դեպս ոռոգման համար նորմալ ջուր են ստանում։ Դրա հաշվին նշված երկրներում կանաչապատման և անտառապատման աշխատանքները թափ են հավաքել։

4. Հայաստանը սակավաջուր երկիր է։ Մեր ջրային պաշարները (տեղումների և գոլորշացման տարբերությունը) 7 մլրդ մ3 են. 2300 մ3 մեկ շնչին։ Հս Ամերիկայում այս թիվը 12500 է, Հվ Ամերիկայում՝ 35523, Աֆրիկայում՝ 4630, Եվրամիայում՝ 4675։ Այլ հավասար պայմաններում Հայաստանը ջրի նետտո-ներմուծող պետք է լինի։ Մի քանի տասնյակ մլն դոլարի հանքային ջրի արտահանումը ոչինչ չի նշանակում։

5. Արդյունահանման ներկայիս տեմպերի պայմաններում (տարեկան 4-5 մլրդ տոննա) 75 տարի հետո նավթ չի լինի։ Իհարկե նոր տեխնոլոգիաների շնորհիվ հարաբերական տնտեսում կլինի, բայց միևնույնն 1-2 հարյուրամյակի ընթացքում այն կվերանա։ Այդ ընթացքում, երկարաժամկետ առումով այն թանկանալու է։

Այսպիսով, հայկական ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել։ Մի անգամ նման կարծիք եղել է (Խ.Ստամբոլցյան)։ Պետք է խոսել նոր տեխնոլոգիաներից, արհեստական ինտելեկտից, մեր ազգի մրցունակությունը բարձրացնելուց։ Ականջահաճո հեքիաթների վերջը պետք է տալ» ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ