31 12 2018

Գազը կթանկանա, բայց ոչ սպառողների համար

Գազը կթանկանա, բայց ոչ սպառողների համար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ սպառողների համար գազը չի թանկանա: 

«Քանի որ տեղյակ եմ, որ գազի գնի շուրջ մամուլում քննարկումներ են տեղի ունենում, և ասվում է, թե ՀՀ սպառողների համար գազը թանկանալու է, ես ուզում եմ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին: Ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ խոսակցությունների թեման եղել է ՀՀ մատակարարվող գազի գինը, և կարելի է ասել՝ եկել ենք լուծման առաջիկա տեսանելի ապագայի համար»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ կա երկու օղակ գազի մատակարարման մեջ, մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և նրանց կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը, և մյուս օղակը՝ «Գազպրոմ Արմենիայից» հայաստանյան սպառողներին գազի մատակարարումը:

«Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը, և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ենթադրում է, որ քննարկումներ են լինելու, թե այս որոշման շնորհիվ մենք որոշակի պարտք ենք կուտակելու և դրա հետևանքով որոշակի ակտիվներ ենք փոխանցելու Ռուսաստանին, և նշեց, որ այդպիսի կարգավորումների մասին խոսք չի գնում:

Ըստ Փաշինյանի՝ ստացվում է, որ առաջին օղակում գնային փոփոխություն տեղի կունենա, իսկ երկրորդ օղակում՝ ոչ:

Նա ասաց, որ լավատես է և ուրախ է, որ կարողացան այդպիսի լուծման գալ, և հատուկ ընդգծեց, որ հեռախոսազրույցում բացառապես գազի հարցն են քննարկել:

«Կարծում եմ, որ ըստ էության, սա լավ լուր է: Հետագայի պարագայում էլ լրջորեն կաշխատենք, և մեր խնդիրն է լինելու գազի գնագոյացման շուրջ հստակ, կանխատեսելի մեխանիզմներ ունենալը և գազի համակարգի արդյունավետությունը բարձրացնելը, այդ հարցում ռուսաստանցի գործընկերների հետ ևս կաշխատենք»

:Փաշինյանը հավելեց, որ ուղևորվում է շնորհավորելու զինվորների Նոր տարին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ