27 11 2018

ՌԴ-ն ՀՀ-ին վարկի վճարման տարկետում կտրամադրի

ՌԴ-ն ՀՀ-ին վարկի վճարման տարկետում կտրամադրի

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ՀԱԷԿ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռուսաստանը Հայաստանին տարկետում կտրամադրի հայկական ատոմակայանի վերանորոգման վարկը վճարելու համար։

Բաղրամյանի հաղորդմամբ՝ Հայաստանը վարկը կսկսի մարել 2020 թվականի կեսերից, երբ ՀԱԷԿ-ը վերջնական կապիտալ վերանորոգումից հետո սկսի աշխատել ամբողջ հզորությամբ։ Ռուսական կողմը համաձայնել է մեզ նման պայմաններ տրամադրել։

«ՀԱԷԿ-ի արդիականացման արդյունքում ստացված լրացուցիչ արդյունքը մենք կուղղենք վարկի մարմանը, որն իր հերթին կմեղմի ռուսական վարկի մարման ազդեցությունը սակագների վրա»,-պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ 2018 թվականին ամբողջությամբ փոխարինվել է երրորդ տուրբոգեներատորը, 2019 թվականին կմեկնարկի երկրորդ տուրբոգեներատորի ամբողջական փոխարինումը։ Վերանորոգման ավարտից հետո կայանի հզորությունը կաճի մոտավորապես 10 տոկոսով, մինչեւ 430 մՎտ, էլեկտրաէներգիայի արտադրողականությունը տարեկան մոտավորապես 500 մլն ԿՎտ/ժ-ով կավելանա՝ կայանը տարեկան կարտադրի 2,9 մլրդ ԿՎտ/ժ՝ 2,4 միլիարդի փոխարեն։

Նրա խոսքով՝ արդեն 2019 թվականին կայանը 200 մլն ԿՎտ/ժ–ից ավելի (շուրջ 2.1 մլրդ ԿՎտ/ժ) էլեկտրաէներգիա կարտադրի, քան ներկայում։ Եվ դա այն դեպքում, երբ և՛ այս, և՛ հաջորդ տարի կայանում չեն աշխատի 2 տուրբոգենրատորը, կամ կաշխատի մեկը։

ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի կառավարության կողմից հատկացրած մինչեւ 270 մլն դոլարի վարկային գծի եւ 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ