Օրեր առաջ Համաշխարհային բանկը հրապարակեց «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցը, որտեղ կային գնահատականներ ու կանխատեսումներ՝ մի շարք առանցքային ցուցանիշների վերաբերյալ։
Մասնավորապես, ըստ ՀԲ զեկույցի, Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումներն ընթացիկ տարում կկազմեն 3%՝ 2017թ. 2%-ի փոխարեն, իսկ մինչև 2020թ. կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 3.9%-ի, գրում է 168․am-ը։
Բավականին տարօրինակ էր, որ ներդրումային անկման ֆոնին՝ Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում ուղղակի ներդրումների աճ է կանխատեսում։ Եկեք հասկանանք՝ ի՞նչ է ասում Համաշխարհային բանկը, և որքանո՞վ է դա իրատեսական։
Ո՞ր ցուցանիշն է հիմք վերցնում Համաշխարհային բանկը
Օտարերկրյա ներդրումների ո՞ր ցուցանիշի մասին է խոսում Համաշխարհային բանկը, երբ նշում է, որ այն կկազմի ՀՆԱ-ի 2 կամ 3 տոկոսը։ Զեկույցում նշված է, որ խոսքը զուտ ուղղակի ներդրումների մասին է (Net foreign direct investments): Դա այն ցուցանիշն է, որը կարելի է գտնել նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Վճարային հաշվեկշռում՝ «ուղղակի ներդրումներ» տողի ներքո։ ՀԲ-ն, ի դեպ, այդ ցուցանիշը վերցնում է հենց վճարային հաշվեկշռից։ Նշենք, որ թե՛ վճարային հաշվեկշռում, թե՛ Համաշխարհային բանկի օնլայն բազաներում այդ ցուցանիշը ներկայացվում է բացասական նշանով։
Մի կողմից՝ ՀՆԱ-ն աճում է, մյուս կողմից՝ ներդրումները նվազում են։ Պարզ թվաբանությունից գլուխ հանող մարդը միանգամից կարող է ասել, որ նման պայմաններում ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը ոչ թե կաճի, այլ կնվազի։ Այսինքն, եթե անգամ 2018-ին հաջողվի ապահովել գոնե 2017-ի չափ զուտ ՕՈՒՆ-ներ, միևնույն է՝ այդ հարաբերակցությունը կնվազի մինչև 1.7%, ոչ թե կաճի մինչև 3%-ի։
Ճիշտ է, ՀԲ զեկույցում նշվում է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին և ընդգծվում, որ այդ իրադարձությունները չեն խաթարել տնտեսական աճի բարձր տեմպը, այդուհանդերձ, ակնհայտ է, որ զեկույցի հեղինակները վերջին ամիսների փաստացի զարգացումները հաշվի չեն առել (այլապես չէին խոսի ներդրումների աճի մասին)։ Իսկ որոշ դեպքերում (օրինակ, արտերկրից ստացվող դրամական փոխանցումների հետ կապված) հղում է արվում միայն առաջին եռամսյակի տվյալներին։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ կանխատեսումներին պետք է խիստ վերապահումներով մոտենալ՝ անկախ նրանից, թե կանխատեսողն ինչ հեղինակություն ու պրոֆեսիոնալիզմ ունի։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը