27 09 2018

Առաջարկում եմ ընտրել 26-27 % եկամտահարկի միասնական դրույք. Վարդան Արամյան․ Tert.am

Առաջարկում եմ ընտրել 26-27 % եկամտահարկի միասնական դրույք. Վարդան Արամյան․ Tert.am

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով եկամտահարկին, առաջարկեց ընտրել ոչ թե երկսանդղակ կամ եռասանդղակ մոդել, այլ միադրույք 26 կամ 27 տոկոս կախված բյուջեի համար տանելի կորստի չափից`ունենալով չհարկվող շեմ` 55 հազար:

«Ընդ որում, տարիների ընթացքում աստիճանաբար պետք է իջեցնել դրույքը՝ հանրությանը և տնտեսվարողներին ազդակ հաղորդելով ապագա քաղաքականության ուղղության մասին, դա արդարացի է: Եկամտային հարկի մասին խոսելիս նախ պետք է հաշվի առնենք, որ աշխարհը, որպես կանոն, ուղղակի հարկատեսակների մասով, բացի  գույքային հարկերից նախընտրում է պարզ միադրույք համակարգը: Սակայն եկամտային հարկի մասով երբեմն միադրույք համակարգերը քննադատվում են, որ դրանք իրենց մեջ պրոգրեսիվություն չունեն: Դրա համար էլ պրոգրեսիվ պետք է դարձնել միադրույք համակարգում սահմանելով նվազագույն չհարկվող շեմ:

Այսպես` ներկայիս գործող եկամտային հարկի համակարգը 125,000 և 1,000,000 դրամ ստացողներին հարկում է էֆեկտիվ 23% և 27.3%, դրույքաչափերով, մինչդեռ 27% միասնական դրույքի և չհարկվող 55,000 դրամ շեմի դեպքում իմ մատնանշած արդյունավետ հարկման դրույքները կլինեն համապատասխանաբար՝ 15.1% և 25.5%: Իհարկե, նվազագույն շեմի և հարկման դրույքի մասով պետք է մի քանի վարիացիաներ անել՝ գտնելու այն կետերը՝ նվազագույն շեմի և դրույքի, որի դեպքում բյուջեի համար կորստի բեռը տանելի կլինի, քանի որ ակնհայտ է, որ կտրուկ նվազեցնել արդյունավետ դրույքը բոլոր խավի եկամուտ ստացողների համար չենք կարող»,-ասաց նա:

Հետևապես, Վարդան Արամյանը պարտադիր համարեց, որ ապագա տարիների համար հարկման դրույքի նվազեցման սցենարի մասին այսօր հայտարարվի: «Օրինակ՝ սկսում ենք 27%-ից և չհարկվող 55,000 դրամից, հետո յուրաքանչյուր 2 տարին մեկ նվազեցնում 1 տոկոսային կետով, մինչև 23%: Մեկ կարևոր խնդիր էլ կա. այս մոտեցման դեպքում նվազելու է նաև բարձր եկամուտ ստացողների հարկման բեռը, բայց պետք է մտածենք, որ բարձր եկամուտ ստացողն էլ որակյալ աշխատուժն է, որը խիստ կարևոր է տնտեսվարողների համար՝ իրենց ընկերությունները մրցունակ դարձնելու: Մեր հասարակության մեջ ինչ-որ խանդ կա` բարձր աշխատավարձ ստացողների նկատմամբ, բայց այստեղ էլ պետք է զգուշավորություն ցուցաբերենք: Դուք ի՞նչ եք կարծում` գործատուները հիմար են, որ մարդկանց տալիս են բարձր աշխատավարձ, նշանակում է, որ մարդիկ որոշակի որակական հմտություններ ունեն, նշանակում է, որ մրցունակ աշխատուժ են»,-ասաց նա:

Նա նշեց, որ բարձր եկամուտներ ստացողների դեպքում վերաբաշխման խնդիրը պետք է լուծել ոչ թե եկամտային հարկի միջոցով, այլ գույքահարկի, որովհետև իրենց բարձր եկամուտները վերածվում են պաշարների կամ ավանդի, որոնց հարկմանը ձեռք տալ պետք չէ կամ գույքի (անշարժ և շարժական), որոնց անվտանգությունն ու ապահովությունը պետությունը երաշխավորում է՝ տարբեր ծառայություններ (ոստիկան, անվտանգության ծառայող, բանակ և այլն) մատուցելով, հետևապես և արդար է պետությանը հարաբերականորեն ավելի շատ մասնաբաժին տալը»,-ասաց նա:

Վարդան Արամյանը մտահոգություն հայտնեց,  որ հարկային փոփոխություններ անելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել բյուջեի կայունությանը, այսինքն՝ այնպես չլինի, որ դրա արդյունքում հայտնվենք նույն ծուղակում, երբ պարտք վերցվի ընթացիկ ծախսերն անելու համար, քանի որ ընթացիկ ծախսեր օպտիմալացնել կարելի է, բայց էական կրճատումներ չես կարող անել:

Խոսելով ընդհանուր առմամբ հարկային քաղաքականության մասին՝ նա մեր տնտեսական կառավարման կարևորագույն գործիքներից մեկը այն համարեց: «Հարկային օրենսգրքի վերաբերյալ իր վերաբերմունքը արտահայտեց Կարեն Կարապետյանը 2016 թվականին, այսինքն՝ արձանագրեց, որ Հարկային օրենսգիրքը պետք է վերաիմաստավորել՝ ելնելով երկարաժամկետ տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից: Որպեսզի դու կարողանաս վերաիմաստավորես, պետք է կատարես մեկ տնային աշխատանք: Առաջին վարժությունը, որ մենք կատարեցինք, տնտեսության ախտորոշում ասվածն էր: Խորքային վերլուծություն կատարեցինք, թե որտեղ են մեր խնդիրները»,-ասաց նա:

«Մենք տեսնում ենք՝ մի գործարան բացվեց, կողքը՝ 10 առևտրի մոլ, որովհետև ամբողջ ռեսուրսները ոչ արտահանելի հատված են ուղղվում, դա վտանգավոր է: Այսպիսով, մենք տեսանք, որ արտադրական գործոնները հարաբերականորեն բարձր են հարկվում` շահութահարկը և եկամտային հարկը բարձր են: Հետևաբար, անհրաժեշտ է հարկման բեռը թեթևացնել արտադրական գործոնների վրա, փոխարենը մեծացնել սպառման հարկումը, ընդ որում պետք է մտածենք՝ ինչ տեսակի սպառում ենք հարկում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ