Ռուսական «Գազպրոմ»-ը S&P Global Platts-ի կազմած աշխարհի ամենախոշոր էներգետիկ ընկերությունների ցանկում այլևս առաջատար դիրք չի զբաղեցնում: Ընկերությունը հայտնվել է վարկանշային աղյուսակի 17-րդ հորիզոնականում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Ամերիկյան ExxonMobil ընկերությունը վերականգնել է իր առաջատար դիրքը, որը կորցրել էր 2017 թվականին՝ զիջելով «Գազպրոմ»-ին։ Ցանկը կազմողները ExxonMobil-ի հաջողությունը բացատրում են նավթի գների վերականգնմամբ և ԱՄՆ-ում «արտահանման բումի» սպասումներով:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է ռուսական «Լուկօյլ»-ը, որը նախորդ տարի վեցերորդ հորիզոնականում է եղել։ Լավագույն եռյակը եզրափակել է ամերիկյան Phillips 66-ը:
S&P Global Platts-ի՝ աշխարհի 250 առաջատար էներգետիկ ընկերությունների ամենամյա վարկանշային ցանկը կազմվում է՝ հաշվի առնելով ֆինանսական ցուցանիշները, ակտիվների գինը, եկամուտը, շահույթը և այլ գործոններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը