Անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: Այս մասին օգոստոսի 9-ին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։
«Կենդանական ծագում ունեցող մթերքների համար ներկայումս գործող սահմանաչափը մինչև 3 կգ է, մենք սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 30 կգ։ Կենդանի ծառեր, բույսեր, սոխուկներ, արմատներ ներկայումս սահմանված է 5 հատ, քան 2 կգ, սահմանում ենք 15 հատ, բայց ոչ ավելի 50 կգ։ Սուրճի, թեյի, համեմունքների դեպքում ներկայումս սահմանված է 5 կգ, առաջարկում ենք 15 կգ և այսպես շարունակ: Չափաքանակների հետ կապված՝ որոշակի փոփոխություններ ենք առաջարկում, այլ կերպ ասած, մենք ԵՏՀ հանձնաժողովի կողմից 2017թ-ի դեկտեմբերի N 107 որոշմամբ և մեր կառավարության 2015թ-ին որոշման մեջ հակասություններ կամ տարբերություններ կան, որոնք ուզում ենք վերացնել»,-ասաց Դավիթ Անանյանը:
Նշենք, որ Կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշմամբ՝ սահմանված էր՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, որոնք այժմ վերանայվում են
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը