20 07 2018

Առևտրի հաշվեկշիռը վատանում է. «Հայոց աշխարհ»

Առևտրի հաշվեկշիռը վատանում է. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Նախորդ երկու տարիներին գրանցված դրական տեղաշարժերից հետո Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը վերջին ամիսներին սկսել է վատանալ։ Պատճառը ներմուծման առաջանցիկ աճն է արտահանման նկատմամբ, ինչը արագորեն խորանում է՝ մեծացնելով արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը։ Արտահանման եւ ներմուծման տարբերությունը տարեսկզբի առաջին հինգ ամիսներին եղել է 933 մլն դոլար։

Դրա հետևանքով ներմուծումը վերստին կրկնապատիկ գերազանցել է արտահանմանը։ Այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում տատանվում էր 1,8-ի սահմաններում։ Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է հատկապես վերջին ամիսներին։ Դա պայմանավորված է առաջին հերթին արտահանման ցուցանիշների վատացմամբ։ Դադարել է հայաստանյան ապրանքների մատակարման ակտիվությունը արտաքին շուկաներ։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ ապրիլին գրանցվել է երկնիշ անկում։ Տարեսկզբի բարձր աճից հետո արտահանումը նվազել է գրեթե 13 տոկոսով։ Անկումը խորացել է մայիսին։ Այդ ամսին արտաքին շուկաներ հայաստանյան ապրանքների մատակարարումները ապրիլի համեմատ կրճատվել են ևս 5 տոկոսով։

Եթե մարտին Հայաստանից արտահանվել էր ավելի քան 206 մլն դոլարի ապրանք, ապա մայիսին այն կազմել է ընդամենը 171 միլիոն դոլար։ Այլ կերպ ասած, պակաս է արտահանվել 35 մլն դոլար։ Տարբերությունը հասնում է 17 տոկոսի։ Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ 338 մլն դոլարի ապրանք։ Ներմուծումը կազմել է 749 միլիոն, ինչը 2,2 անգամով գերազանցել է արտահանմանը։ Տարեսկզբի համեմատ արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացումը վերջին երկու ամիսներին ակնհայտ է. առաջին եռամսյակում արտահանման և ներմուծման տարբերությունը 1,8 անգամի սահմաններում էր։ Թեպետ վերջին շրջանում դանդաղել է նաև ներմուծման ծավալների աճը, այնուհանդերձ դա չի խանգարել, որ արտաքին առևտրի ցուցանիշները վատանան։

Վիճակագրական ծառայության տվյալներով, տարեսկզբի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանվել է 935 մլն դոլարի ապրանք, ներմուծումը գերազանցել է 1 մլրդ 868 մլն դոլարը։ Արտաքին առևտրի, մասնավորապես արտահանման ոլորտում տեղի ունեցող դրսևորումները կապված են Հայաստանի տնտեսական գործընթացների հետ, որոնք վերջին շրջանում չեն փայլում ակտիվ զարգացումներով։

Ավելին՝ անկումային վիճակում է հայտնվել արդյունաբերությունը, որը արտահանման աճին նպաստող տնտեսության հիմնական ճյուղն է։ Ներքաղաքական վերջին իրադարձություններից հետո տնտեսության իրական հատվածում զարգացումներն այնքան էլ հարթ չեն ընթանում, եթե չասենք՝ ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ՝ կապված ինչպես կառավարության անգործության, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի կողմից ներկայացվող պահանջների հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ