19 07 2018

Ինչո՞վ կարող է Կառավարությունը օգնել տնտեսությանը. 4 գործառույթ

Ինչո՞վ կարող է Կառավարությունը օգնել տնտեսությանը. 4 գործառույթ

Սննդի առաքմամբ զբաղվող «Menu.am» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է Կառավարությունն օգնել տնտեսությանը:

«Երբ ինձ հարցնում են, թե ինչո՞վ կարող է Կառավարությունը օգնել տնտեսությանը, առանձնացնում եմ երեք֊չորս հիմնական գործառույթ, որոնք են՝

ա) Չխանգարել։ Ես շփվում եմ տարբեր ազգերի, տարբեր երկրների բազմաթիվ գործարարների հետ և կարող եմ պնդել, որ հայերը եզակի ազգ են՝ գործարարության աննկարագրելի ստեղծագործ ջիղով, և Հայաստանում ու դրանից դուրս հաջողության հասնելու համար բավական է չխանգարել:

բ) Չգողանալ։ Եղած օրենքների լայնամասշտաբ կիրառման արդյունքում Հայաստանի 2019թ. բյուջեն կարող է առնվազն կրկնակի մեծ լինել, քան 2018թ. և եթե այդ բյուջեն չգողացվի, ինչպես նախկինում, ապա մենք կկարողանանք շատ հարցեր լուծել ու արագ տեմպերով։ Ես նաև առաջարկել եմ կառավարությանը ստեղծել գողացված կապիտալի ռեպատրիացիայի նախարարություն, ինչպես Նիգերիայում են արել ու տարեկան մի քանի տասնյակ միլիարդ գումար են վերադարձնում երկիր։

գ) Պաշտպանել։ Այո՛, ուժեղ բանակն ու պինդ արդարադատությունը պետական ամենակարևոր գործառույթներն են։ Բանակի մասով էքսպերտ չեմ, բայց վստահ եմ, որ մենք կարող ենք նոր բյուջեի պայմաններում ապահովել մարտունակ և շատ լավ սպառազինված ու ինովացիոն բանակ։ Արդարադատության մասին երկու բան ասեմ՝ որևէ օտարերկրյա ներդրող Հայաստանում դատ չի շահել։ Այո՛, այդ թիվը հենց զրո է։ Երկրորդը, Menu-ի ամերիկացի ինվեստորները, ներդրում անելու պրոցեսի ընթացքում ինձ խոստովանեցին, որ միակ բանը, որ իրենք գիտեին Հայաստանի մասին մինչև իմ հետ ծանոթանալն այն էր, որ Հայաստանում օտարերկրյա ներդրողներին քցում են։

դ) Կրթել։ Դպրոց, բարձրագույն կրթություն ֊ մենք պետք է վերականգնենք մեր կրթական ու գիտական ներուժը։ Այս առումով Բելառուսը շատ սիրուն օրինակ է, տոտալ կիրթ ազգ, ու տեխնոլոգիապես խիստ զարգացած իր սովետական կրթական համակարգը պահպանելու և խելացի զարգացնելու հաշվին։ Ամփոփելով, ասեմ, որ բոլորն անհամբեր սպասում են խորհրդարանական ընտրություններին, քանի որ դա կարելի կլինի համարել հեղափոխության ավարտը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ