29 03 2018

ՀՅԴ-ն առաջարկում է զսպել որոշ սուպերմարկետների

ՀՅԴ-ն առաջարկում է զսպել որոշ սուպերմարկետների

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը վերլուծություն է արել «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով:

Համաձայն վերլուծության՝ ապրանքային շուկաներում առկա մենաշնորհացման բարձր աստիճանն առաջ է բերում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, շուկայից փոքր և միջին բիզնեսի դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

Եթե 90-ականներից սկսած մենք գործ ունեինք առանձին ապրանքների մեծածախ շուկաներում (օրինակ՝ շաքարավազ, ալյուր, կարագ, բենզին, դիզելային վառելիք և այլն) մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող անբարեխիղճ և հակամրցակցային երևույթների հետ, ապա ներկայումս արագ տեմպերով «մենաշնորհացվում է» մանրածախ առևտրի ոլորտը, որից մեծ վնասներ են կրում մանրածախ առևտրով, մատակարարումներով և արտադրությամբ զբաղվող բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկությունները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առյուծի բաժինն այս ոլորտում բաժին է ընկնում 4 խոշոր առևտրային ցանցերին՝ Երևան Սիթի, ՍԱՍ, Նոր Զովք և Կրպակ: Իհարկե, զարգացած երկրներում ևս մանրածախ առևտուրը կենտրոնանում է սուպերմարկետներում, սակայն նույն այդ սուպերմարկետները, իրենց մրցակցային առավելություններով հանդերձ, անդառնալի վնասներ չեն հասցնում փոքր և միջին խանութներին, որոնք լուծում են աշխատատեղերի ապահովման և եկամուտների վերաբաշխման կարևորագույն խնդիր՝ յուրաքանչյուր երկրում:

Վերլուծության արդյունքում՝ մանրածախ առևտրի ոլորտի զարգացումը սահմանափակող մի շարք խորչընդոտներ են առանձացվել. դրանք են՝ առևտրի օբյեկտների դասակարգման և տեղաբաշխման կարգավորման բացակայությունը, առևտր խոշոր օբյեկտների կուտակումները Երևանում: Խոշոր ներմուծողները՝ մեծածախ վաճառողները, զբաղվում են նաև մանրածախ վաճառքով, ավելացված արժեքի հարկը վճարելուց խուսափելու դեպքերը, խոշոր առևտրային ցանցերի կողմից պահանջվող լրացուցիչ վճարները և սպառողների ներգրավման մարքետինգային քայլերը: Չգրանցված աշխատողների առկայության և անչափահասների աշխատանքային պայմանները չապահովելու ռիսկերը, առևտրի իրականացման վայրի կազմակերպիչներին (շուկաներին, առևտրի կենտրոններին) ներկայացվող պահանջների անհստակությունը և այլն:

ՀՅԴ-ի առաջարկություններն ուղղված են խոշոր առևտրային ցանցերի առաջացումը զսպելուն և նրանց համար հետագա ընդլայնումը պակաս գրավիչ դարձնելուն, ինչպես նաև որակի վերահսկման և կարգավորման առավել արդյունավետ կառուցակարգերի ապահովմանը: Մասնավորապես՝ նպատակահարմար է սահմանել «մանրածախ առևտուր» հասկացությունը, դասակարգել առևտրի օբյեկտները ըստ՝ չափերի և լուծել դրանց տեղաբաշխման հարցը, սահմանել լրացուցիչ վճարներ (հարկեր) առևտրային ցանցերի խոշորացման և ընդլայնման դեպքում, սահմանափակել մեծածախ վաճառողների գործունեությունը մանրածախ շուկայում, կանոնակարգել ապրանքների մատակարարման պայմանագրերի վճարման ժամկետները, սահմանել առևտրային զեղչերի տեսակների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ դրույթները, վերաքննել խոշոր սուպերմարկետների աշխատանքային ժամերի հարցը, ներդնել առևտրային ցանցերի կամավոր վարկանշավորման համակարգ, տարանջատել ապրանքների շուկաներին և առևտրի կենտրոններին վերաբերող պահանջները՝ ավելի խիստ դրույթներ սահմանելով վերջինիս համար, վերանայել առևտրի վայրի կազմակերպիչների համար նախատեսված պետական տուրքի չափը, էլեկտրոնային մանրածախ առևտրի խրախուսման նպատակով մշակել և ներդրնել էլեկտրոնային առևտրի վիճակագրական, հաշվարկավճարային և երաշխիքային առավել արդյունավետ համակարգերը և այլն:

Ամողջական վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ