27 03 2018

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6 տոկոս

2018 թ. մարտի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Այս մասին հայտնում է կենտրոնական բանկը:

2018 թ. փետրվարին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 3.3%: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, ակնկալվող արտաքին և ներքին տնտեսական զարգացումների ներքո, ինչպես և կանխատեսվում էր, գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում:   

Տարեսկզբին արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համընկել են ԿԲ կանխատեսումների հետ, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և միջազգային որոշ ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհուրդը գնահատում է, որ 2018 թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված բարձր աճերով: Սպասվածից բարձր աճի տեմպեր են արձանագրվել նաև ներքին պահանջարկի մասով, որին շարունակում են նպաստել իրականացված ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման բարձր աճը: Միևնույն ժամանակ, տարեսկզբից առկա լրացուցիչ գնաճային սպասումները զգալիորեն մեղմվել են և գնաճային սպասումներն ընդհանուր առմամբ կայունացել են:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել գործող դրամավարկային պայմանները: Միաժամանակ Խորհուրդը մնում է այն կարծիքին, որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ պահպանվելով թույլատրելի միջակայքում և կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են՝ պայմանավորված համախառն պահանջարկի և տնտեսական աճի ավելի բարձր լինելու հավանականությամբ։ Ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ