12 03 2018

Moody's –ը մոտակա 12-18 ամիսներիկտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական

Moody's –ը մոտակա 12-18 ամիսներիկտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական

2018թ. մարտի 9-ին «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթովՀայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»: 

Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 

Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսներիկտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին:

Ավելին, «Մուդիզ»-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը: 

Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ «Մուդիզ»-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք«Ba2»-ից դարձնելով «Baa3»:   Սա ներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները «Մուդիզ»-ի կողմից վարկանշման դեպքում ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների համար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից (B1) չորս մակարդակ բարձր վարկանիշ (Baa3): 

«Մուդիզ»-ը մատնանշել է նաև այն ռիսկային գործոնները, որոնք հիմք են հանդիսացել երկրի սուվերեն վարկանիշն անփոփոխթողնելու և այդ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի փոխելու համար:

Որպես դրական ազդող գործոններ նշվել են. (1) Բարձր, թեև տատանողական, ՀՆԱ աճը, (2) Մակրոտնտեսական կայունությանն աջակցող քաղաքականություններ իրականացնող ինստիտուտների ամրապնդում, (3) Արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշռի շնորհիվ պետական պարտքի մատչելիության բարձր մակարդակը: 

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն դեպքում, երբ տնտեսական և/կամ ինստիտուցիոնալ բարեփոխումները տանեն տնտեսական մրցունակության և ինստիտուցիոնալ կարողությունների հետագա կայուն բարելավմանը: Վարկանիշի բարձրացմանը կնպաստի նաև «Մուդիզ»-ի սպասածից ավելի Հայաստանի պարտքի բեռի տևական և նկատելի նվազումը: 

Նշենք, որ, ըստ «Մուդիզ»-ի կանխատեսման, Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ գործակիցը 2018 թ-ի վերջում կկազմի 56.5%, իսկ 2019թ.-ի վերջում՝ 54.2%:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ