Hetq.am-ը գրում է․
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ 2024թ․ հոկտեմբերի 17-ին նա դարձել է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 %-ի բաժնետեր։
«Մեղրաձոր գոլդ»-ում միակ բաժնետերը, հիշեցնենք, Վարդան Մարգարյանն էր։ Այժմ նա բաժնեմաս չունի, փոխարենը 34 % բաժնեմաս ունի նրա որդին՝ Նարեկ Մարգարյանը։
«Մեղրաձոր գոլդ»-ի բաժնեմասերի մնացած 33 %-ը ձեռք է բերել Արտեմ Համլետի Սահակյանը: Նա Նարեկ Նալբանդյանի գործընկերն է։
Նարեկ Նալբանդյանն ու Արտեմ Սահակյանը հոկտեմբերի 2-ին նոր ընկերություն են հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն, որտեղ հավասար բաժնեմաս ունեն։
Արտեմ Սահակյանը նաև շինարարությամբ զբաղվող «Լիբրեյթ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն է, որը Նաիրի Զարյան 140 հասցեում այս պահին բազմաբնակարան շենք է կառուցում։
Արտեմ Սահակյանը ներկայացված է մի շարք այլ ընկերություններում՝ «Լեվել Շին» ՍՊԸ-ում հավասար մասնակցություն ունի ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանի (Դևիդ Հովիկի Սաֆարյան) հետ, բաժնետեր է նաև «Թ.Ֆ.ՇՈՓ» ՍՊԸ-ում, որտեղ փոխարինել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին։ Այդ ընկերությանն է պատկանում Պռոշյան փողոցում գտնվող «Տոռա պալաս» հյուրանոցային և ռեստորանային համալիրը։
Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը, հիշեցնենք, շահագործվում է 2012թ․-ից։ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն այս հանքավայրի համար ավարտվում էր 2023թ. սեպտեմբերի 10-ին:
Դեռեւս 2022 թվականի գարնանը «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագիծ է ներկայացրել՝ ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու նպատակով: 2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի նախագծին:
Չնայած դրան, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դատական կարգով երկարացրեց ընդերքօգտագործման իրավունքը մինչեւ 2040թ. մայիսի 1-ը:
Ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն՝ Մեղրաձորի հանքավայրում 60 հզր տոննա ապրանքային հանքաքար է հաստատված, որտեղ 4753,5 կգ ոսկի կա։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախագծի զեկույցների համաձայն՝ «Մեղրաձոր գոլդ»-ի ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութի արտադրությունը 2017–2021թթ․ ավելացել է:
2022-24թթ․ տվյալները դեռևս հասանելի չեն. ԱՃԹՆ վերջին զեկույցը հրապարակված չէ։
Համաձայն նույն զեկույցի՝ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝ ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութը 2017–2021թթ․ արտահանվել է Շվեյցարիա։
Վարդան Մարգարյանի հետ զրուցել առայժմ չի հաջողվել։ Նա զանգերին չի պատասխանում։ Չի արձագանքում նաև WhatsApp-ին ուղարկված մեր հաղորդագրությանը։
Հեռախոսազանգին չպատասխանեց նաև Նարեկ Նալբանդյանը։ Նրան ուղղված մեր տեքստային հաղորդագրությունը եւս անպատասխան մնաց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը