Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում ներառված է ՀՀ պետական պարտքը ևս 102 մլն եվրոյով ավելացնելու հարցը:
Նախագծում մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը այսուհետ՝ համաձայնագիր:
102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:
Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը և եղանակը ենթակա է համաձայնեցման Ֆինանսների նախարարության հետ` ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում:
Կարևոր է նշել նաև, որ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումից է կախված թե ծրագրի անհրաժեշտությունը, և թե սահմանված ցուցանիշներին հասնելը։
Ծրագրի ավարտի ամսաթիվը 2029 թվականի սեպտեմբերի 30-ն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը