02 08 2022

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոսին. Վահան Քերոբյան

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոսին. Վահան Քերոբյան

Լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոս ամսին, առաջիկա օրերին կհրապարակվի չվացուցակը, իսկ Լարսի անցակետում հուլիսին նախորդ ամսվա համեմատ հայկական բեռների թողունակությունը ավելացել է մոտ 10 տոկոսով: Ինչ վերաբերում է դրամի արժևորման արդյունքում տուժած որոշակի ոլորտներին, ապա սպասվում է աջակցություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ինչ վերաբերում է Վերին Լարսի հերթերի խնդրին՝ Քերոբյանը հիշեցրեց, որ իր գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ նաև հենց տեղում՝ Լարսի անցակետում, փորձել են լուծումներ տալ, պայմանավորվել էին, որ մաքսազերծման համար երկրորդ տարածք պետք է հատկացվի, ինչն արվել էր:

«Եվ հուլիսին հունիսի նկատմամբ մոտ 10 տոկոսով ավելացել է հայկական բեռների թողունակությունը: Դա ավելի քիչ է, քան մենք պլանավորել էինք, քանի որ մեր կարծիքով՝ այն պետք է տար առնվազն 30-տոկոսանոց աճ: Ես պատրաստվում եմ այս տվյալներով կիսվել իմ գործընկերոջ հետ: Հենց հերթերի առումով մենք ունենք բարելավում, բայց ոչ այն չափի, որ նախատեսել էինք: Այս տեսանկյունից քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են», - վստահեցրեց նախարարը:

Իսկ լաստանավային հաղորդակցության գործարկումը, թեև պահանջեց ավելի շատ ժամանակ, սակայն նախարն ասաց. «Կարծում եմ՝ մենք այս ամիս անպայման կգործարկենք: Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են: Եվ հիմա միակ խնդիրը, որ դեռևս պետք է համաձայնեցվի, այն է, որ յուրաքանչյուր ապրանքի մասով պետք է օնլայն ռեժիմով թույլտվություններ ստանանք, որ կարողանանք այս կամ այն բեռն անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ մենք կարծես թե արդեն պատրաստ ենք նրան, որ չվացուցակը հրապարակենք: Մոտակա օրերի ընթացքում դա տեղի կունենա»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ