01 08 2022

Տնտեսության առեղծվածը. պարզվում է, արդյունաբերության մեջ բում է եղել, չենք իմացել. 168.am

Տնտեսության առեղծվածը. պարզվում է, արդյունաբերության մեջ բում է եղել, չենք իմացել. 168.am

168․am-ը գրում է․ Հայաստանի տնտեսության առեղծվածային աճերը շարունակվում են։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության երկնիշ աճ ունենք։ Տարվա առաջին կեսի արդյունքներով, այն հասել է 11,8 տոկոսի։

Աճը բարձր է, բայց աճի կառուցվածքն այն չէ։

Երկնիշ աճել են առևտուրն ու ծառայությունները։ Թե ինչի՞ հաշվին են այդ աճերը, վաղուց հայտնի է. դրսից թելադրված պահանջարկն է ավելացել, ինչն էլ հանգեցրել է առևտրի և ծառայությունների այդպիսի աճերի։

Աճի մեջ մեծ է տրանսֆերտների ազդեցությունը, որը, սակայն, քիչ կապ ունի մեր քաղաքացիների եկամուտների հետ։ Գների կտրուկ բարձրացման ու եկամուտների անհամաչափ ավելացման հետևանքով, նրանց շրջանում վճարունակ պահանջարկը նույնիսկ կրճատվել է։ Բայց դա չի խանգարել, որ ունենանք ծառայությունների, առևտրի բարձր աճեր՝ կապված հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության, կիրառվող պատժամիջոցների ու դրա արդյունքում ձևավորված լրացուցիչ պահանջարկի հետ։

Առևտրի ու ծառյությունների վրա իր դերն է ունեցել նաև զբոսաշրջությունը։

Նախորդ 2 տարիների պասիվ շրջանից հետո, ոլորտում որոշակի ակտիվություն կա, չնայած զբոսաշրջային հոսքերը դեռևս հեռու են նախկին մակարդակներին հասցնելուց։ Բայց դա էլ բավական է, որպեսզի նպաստի առևտրի և ծառայությունների որոշակի ակտիվությանը։

Առևտրի ոլորտում, տարվա առաջին կեսի արդյունքներով, շրջանառությունն աճել է 10,7 տոկոսով։ Թեև մանրածախ հատվածում, որն առնչվում է հասարակությանը, այդ ակտիվությունը շատ ցածր է։ Մինչև վերջերս հազիվ 1-2 տոկոսի սահմաններում էր։ Կիսամյակի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց հազիվ թե էական փոփոխություններ լինեն։

Սա էլ վկայում է հասարակության սոցիալական վիճակի վրա տնտեսական աճի ազդեցության մասին։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա մեծ է նաև արտաքին առևտրի ազդեցությունը։ Արտաքին առևտրի աճի տեմպը նույնիսկ գերազանցում է ներքինին։

Հրապարակված տվյալներով՝ այն կազմել է 44 տոկոս։

Ավելի ակտիվ է եղել ներմուծումը, քան արտահանումը։ Արտահանումը 6 ամսում ավելացել է՝ 36,3, ներմուծումը՝ 48,7 տոկոսով։ Այլ գործոնների թվում, սրանում առկա է նաև դոլարի թուլացման ազդեցությունը։

Այս ցուցանիշները վկայում են, որ մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը վատացել է։ Ներմուծումը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացել, քան արտահանումը։

Ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման աճի մեջ կա վերարտահանման որոշակի բաղադրիչ, երբ ռուսական շուկայի իրավիճակով պայմանավորված՝ դրսից ապրանքներ են ներմուծվում Հայաստան, իսկ հետո վերարտահանում են ռուսական շուկա։ Ասենք՝ արտասահմանյան ավտոմեքենաները, որոնց պահանջարկը Ռուսաստանում ավելացել է՝ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների պատճառով։ Բայց խոսքը միայն մեքենաների մասին չէ։

Վերարտահանումը արտաքին առևտրի հաշվեկշռում ավելացել է, և զարմանալի չէ, որ ներմուծման ու արտահանման այս աճերը տեղի են ունեցել մեր տնտեսության արտահանելի հատվածի ոչ բարձր աճերի պայմաններում։

Մինչև վերջերս արդյունաբերության աճն ընդամենը 2,7 տոկոս էր։ Բայց հունիսին, պարզվում է, արդյունաբերության մեջ բում է տեղի ունեցել. նախորդ ամսվա համեմատ՝ 17, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 19 տոկոս աճ է գրանցվել։

Ինչի՞ հաշվին է դա եղել, հասկանալի չէ։ Այդ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կարծես ո՛չ նոր գործարաններ են բացվել, և ո՛չ էլ նոր արտադրական հզորություններ են գործարկվել։ Բայց ոլորտում այսպիսի թռիչք է գրանցվել։ Չնայած անգամ այդ պարագայում, տարվա առաջին կեսի տվյալներով, արդյունաբերության աճը 6 տոկոսի չի հասել. կազմել է 5,8 տոկոս։

Դեռ լավ է, որ արդյունաբերության մեջ այս աճն էլ կա։ Գյուղատնտեսությունը շարունակել է իր հետընթաց «հաղթարշավը»։ Առաջին եռամսյակում ունեինք 3,4 տոկոս անկում, կիսամյակի արդյունքներով՝ անկումը հասել է 5,5 տոկոսի։

Չորս տարվա ընթացքում այդպես էլ կառավարությունը չկարողացավ ոլորտը դուրս բերել այդ վիճակից։ Չնայած այս ընթացքում բավական մեծ միջոցներ են հատկացրել պետական բյուջեից գյուղատնտեսության տարբեր ծրագրեր ու վարկային պրոդուկտներ սուբսիդավորելու համար։ Այդքանից հետո, արդյունքներն ահա այսպիսին են։

Բոլորովին չպետք է զարմանալ, որ էկոնոմիկայի նախարարը, ով պատասխանատու է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ գյուղատնտեսության համար, տնտեսական ակտիվության հունիսյան առեղծվածային աճերին անդրադառնալիս, հիացել է միայն արդյունաբերության ցուցանիշով։

«Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118,5 տոկոս ցուցանիշի։

Ամենաուրախալին արդյունաբերության 119 տոկոս ցուցանիշն է, որը, հանքարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին, նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ»,- իր ֆեյսբուքյան գրառմամբ շտապել էր այս ուրախ լուրը հայտնել էկոնոմիկայի նախարարը։ Բայց մոռացել էր, որ իր ղեկավարած նախարարության կազմի մեջ է մտնում նաև գյուղատնտեսությունը, և նախարարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում տնտեսության այս կարևոր ճյուղում։

Մինչ գյուղոլորտի արտադրության ծավալները կրճատվում են՝ դա ուղեկցվում է չափազանց բարձր գնաճով։ Գյուղմթերքների գները վերջին 2 տարիներին շատ կտրուկ են աճել։ Դա պայմանավորվել է մի կողմից՝ արտադրության ծավալների կրճատմամբ, մյուս կողմից՝ արտահանման անվերահսկելիությամբ։

Գյուղմթերքի արտահանումը վատ չէ, որ ավելացել է, բայց արտահանելուց առաջ պետք է մտածել նախ արտադրելու և ներքին շուկայի պահանջարկը բավարարելու մասին։ Ոչ մի խելքը գլխին երկիր, առանց ներքին պահանջարկը բավարարելու, չի արտահանում պարենային եղած սահմանափակ ռեսուրսը ու ներքին սպառողին թողնում գների այսպիսի մրցավազքի մեջ։ Բայց մեր պարագայում այդպես է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ