168.am-ը գրում է․ Հաշված օրեր հետո Հայաստանում գործողության մեջ կմտնի կանխիկի սահմանափակման մասին օրենքը։
Հուլիսի 1-ից սկսած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ։ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը հուլիսի 1-ից 500 հազար է, որը հաջորդ տարվա սկզբից կդառնա 300 հազար դրամ։
Դա նշանակում է, որ հուլիսի 1-ից հետո քաղաքացին այլևս չի կարողանա կանխիկով բազմաթիվ ապրանքներ, այդ թվում՝ ավտոմեքենա կամ բնակարան գնել։ Պարտադրված է լինելու վճարել միայն անկանխիկ։
«Օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, որ, օրինակ՝ բնակարանի առք ու վաճառք հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով։ Կամ՝ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում այդ գործարքն իրավական ուժ չի ունենալու։ Հետևաբար՝ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով։ Բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով»,- օրերս այս «ուրախ» լուրը շտապեց հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Բայց խնդիրը միայն բնակարան կամ ավտոմեքենա գնելու մեջ չէ։ Թեև դա արդեն լուրջ գլխացավանք է լինելու շատերի համար։ Մարդիկ նաև ֆինանսական կորուստներ են կրելու։ Դրանք այն ապրանքներն են, որոնք գնանշվում են հիմնականում տարադրամով։ Չնայած օրենքն արգելում է, բայց շատերը տարադրամով էլ վճարում են։
Հիմա արդեն գնորդը ստիպված է լինելու տարադրամը վերածել դրամի։ Վաճառողն էլ, եթե իրեն տարադրամ է պետք, ստիպված է լինելու ստացված գումարը կրկին փոխարկել տարադրամի։ Արդյունքում՝ երկուսն էլ ֆինանսական կորուստ են ունենալու։ Կորուստ են ունենալու նաև բանկային միջնորդավճարի ու կանխիկի ստացման ժամանակ։ Շահելու են միայն բանկերը։
Վաղը, երբ սկսի գործել կանխիկի սահմանափակման օրենքը, դա մի հսկայական խառնաշփոթ է առաջացնելու։ Հատկապես, երբ սահմանափակումը միայն ավտոմեքենա կամ բնակարան գնելու հետ չի կապված։ Բազմաթիվ կենցաղային ապրանքներ ձեռք բերելու ժամանակ ևս քաղաքացիները բախվելու են նույն խնդրի հետ՝ պարտադրված լինելով վճարել բացառապես անկանխիկ։
Դա ենթադրում է, որ նրանք պետք է ունենան բանկային քարտ կամ կարողանան օգտվել անկանխիկ վճարում կատարելու այլ հնարավորություններից։
Եթե հեռավոր մի գյուղում բնակվող քաղաքացին որոշել է իր տան համար սառնարան կամ մեկ այլ՝ 300 հազար դրամը գերազանցող ապրանք գնել, պարտադրված է լինելու դրա դիմաց վճարել անկանխիկ՝ բանկային քարտով կամ այլ տարբերակով։ Կառավարությանն այսօր քիչ է հետաքրքրում, թե այդ քաղաքացին ինքանո՞վ է պատրաստ նման ձևով վճարել։ Որքան էլ համարենք, որ ապագան անկանխիկ վճարումներինն է, նման խիստ սահմանափակումներն ու պարտադրանքը պատուհաս են դառնալու շատերի համար։ Ու սա միայն սկիզբն է։ Անկանխիկ գործարքների սահմանափակումը լինելու է այդ շղթայի միայն առաջին օղակը։ Նպատակներն ավելի խորն են, քան շատերն այսօր կարող են պատկերացնել։
Հաջորդ քայլը լինելու է համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։
«ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Հայտարարագրման համակարգն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ՝ վաղը գնալու են մարդկանց եկամուտների հետևից, պահանջելու են բացահայտել այդ գումարների գոյացման աղբյուրները։ Եվ ոչ հետաքրքրությունից դրդված, այլ հարկելու նպատակով։
Հաջորդ փուլում կենտրոնանալու են կանխիկի գոյացման աղբյուրների վրա։
Դա լինելու է արդեն հաջորդ տարվանից։ Որքան էլ համատարած հայտարարագրում նախատեսվում է ներդնել 2024թ.՝ այն լինելու է 2023թ. եկամուտների հիման վրա։
Համատարած հայտարարագրումը լուրջ խնդիր է դառնալու շատերի և հատկապես նրանց համար, ովքեր իրենց կենցաղային կարիքները բավարարում են դրսում աշխատած գումարների հաշվին։ Այդ գումարները ստացվում են կանխիկ թե անկախիկ, դրանցով մարդիկ բնակարան թե ավտոմեքենա են ձեռք բերում, այսօր որևէ սահմանափակում չկա։ Անկանխիկ գործարքների դեպքում ու հատկապես եկամուտների հայտարարագրումից հետո, նրան հարցնելու են՝ որտեղի՞ց քեզ այդ գումարը։ Ու որպես ներսում չհարկված եկամուտ՝ հարկելու են։
Դրսում աշխատած գումարի դիմաց, մարդիկ ներսում պարտադրված են լինելու եկամտային հարկ վճարել։
Այս խնդրին բախվելու են բազմաթիվ քաղաքացիներ՝ հաշվի առնելով, թե քանի հազար մարդ է տարեկան գնում երկրից արտագնա աշխատանքի ու իր ընտանիքի ապրուստը հոգալու համար՝ գումար վաստակելու նպատակով։
Եկամուտների հայտարագրումից հետո հարկման ռիսկի տակ են հայտնվելու նաև այն քաղաքացիները, որոնց եկամուտների մի մասը ձևավորվում է դրսից՝ իրենց հարազատների կողմից ուղարկված տրանսֆերտների հաշվին։
Կանխիկի սահմանափակման այս քայլերով կառավարությունը գնում է մարդկանց եկամուտների հարկման՝ կապ չունի, թե դրանք ինչպես են ձևավորվել։ Ինչ-որ սահմանաչափից դուրս գտնվող եկամուտները, որոնք, անշուշտ, կերևան անկանխիկ գնումներ կատարելու ժամանակ, կենթարկվեն հարկման՝ եկամտային հարկով։ Դրանց մի մասը մարդիկ ստիպված կլինեն վճարել պետությանը, անկախ նրանից՝ այդ գումարների ձևավորման հետ պետությունն առնչություն ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել։
Աղքատության այն մակարդակում, որում գտնվում է մեր քաղաքացին, սա լրացուցիչ սոցիալական լարվածություն է առաջացնելու։
Չկարծեք, թե այս ամենն արվում է մարդկանց կյանքը թեթևացնելու կամ եկամուտներն ավելացնելու համար։
Երբ ասում են, որ կանխիկի սահմանափակումը կարող է ունենալ ֆիսկալ էֆեկտ և լրացուցիչ գումարներ բերել բյուջե, պետք է հասկանալ, որ այդ գումարները դուրս են գալու քաղաքացու ու սպառողի գրպանից։ Այն, ինչ անում է կառավարությունը կանխիկի սահմանափակման առումով, շահելու են բանկերը, տուժելու է քաղաքացին, նաև տնտեսությունը։ Դա հնարավորություն է բանկերի համար՝ պտտելու քաղաքացիների գումարները և այդ գումարների հաշվին ստանալու լրացուցիչ եկամուտներ։ Ֆինանսական կառույցները եկամուտներ են ստանալու նաև միջնորդավճարներից։
Թերևս, սա է պատճառը, որ բանկերն այդքան շահագրգռված են կանխիկի սահմանափակման մեջ։
Հիմքեր չունի նաև այն պնդումը, թե դա լավագույն գործիքն է ստվերի դեմ պայքարելու համար։
Կան բազմաթիվ զարգացած երկրներ, որոնք կանխիկի շրջանառության վրա որևէ սահմանափակում չեն կիրառում։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ավստրիան, Գերմանիան, ճապոնիան, Սինգապուրը և այլն։ Հիմա այս երկրներում ստվերային տնտեսության մակարդակն ավելի բա՞րձր է, քան այն երկրներում, որտեղ կանխիկի վրա սահմանափակումներ կան։ Իհարկե ոչ։ Ստվերի դեմ պայքարը պարզապես շղարշ է՝ կանխիկի նկատմամբ նման կոշտ սահմանափակումներ մտցնելու համար։ Պետք է գիտակցել, որ այսօր մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չէ նրան, ինչը կանխիկի սահմանափակման ու համընդհանուր հայտարարագրման շրջանակներում փորձում են պարտադրել։ Դա կարող է մասսայական դժգոհությունների պատճառ դառնալ ու նաև շատ տխուր հետևանքներ ունենալ իշխանությունների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը