Ֆեյսբուք եւ Ինսթագրամ սոցցանցերի սեփականատեր Meta Platforms ընկերությունը ժամանակավորապես թույլ կտա որոշ երկրների օգտատերերին հրապարակել բռնության կոչեր ռուսաստանցիների եւ ռուս զինվորականների դեմ՝ «Ուկրաինա ներխուժման համատեքստում»։ Այս մասին նշվել է ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակում, որն ուղարկվել է երկու սոցցանցերի մոդերատորներին, որոնք սովորաբար այլ քաղաքականության կողմնակից են ատելություն հրահրող բոլոր հրապարակումների առումով, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Սոցցանցի ղեկավարությունը նաեւ ժամանակավորապես թույլ է տվել հրապարակել գրառումներ, որոնք կոչ են անում սպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա մերձավոր դաշնակից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Ղեկավարությունից նման ցուցումներ են ստացել սոցցանցերի ներքին քաղաքականությանը չհամապատասխանող կոնտենտը հեռացնող մոդերատորները։
Համաձայն ներքին ծառայողական գրության՝ ռուս զինծառայողների հանդեպ բռնության կոչերի մոդերացիայի քաղաքականության ժամանակավոր փոփոխությունները տարածվում են Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սլովակիայի ու Ուկրաինայի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը