03 03 2022

Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ․ փորձագետը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ․ փորձագետը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ և չենք էլ կարող ստանալ, որովհետև կան միջազգային ստանդարտներ, որոնց համաձայն գազի կալորիականությունը չպետք է 7600 կկալ խմ-ից ցածր լինի, իսկ առնվազն կարող եմ ասել, որ 2013 թվականից ի վեր Հայաստան ներկրված բնական գազի կալորականությունը տատանվել է 8000-ից 8400 կկալ․․․ Yerevan.Today-ի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ապրիլի 1-ից գազի թանկացումը հիմնավորել է Գազի կալորիականության բարձրացման հետևանքով։

Փորձագետը Փաշինյանի այս հայտարարությունը համարում է մոլորեցնող և մանիպուլյատիվ բնույթ է կրող։

«Բավական է նայել «Գազպրոմ Արմենիա» ընկերության, դրանից առաջ «ՀայՌուսգազարդ» ընկերության, այսինք մինչև 2013 թվականի համաձայանագրերը, հաշվետվությունները, և տարբեր վերլուծական աշխատանքներ այդ կազմակերպության կողմից նախաձեռնված, նաև չափագրման ազգային ինստիտուտի կողմից ներկայացած բազմաթիվ տվյալներ՝ առ այն, որ ՀՀ բնական գազ է ներմուծվել ըստ միջազգային ստանդարտների։ Այս պահի դրությամբ կառավարությունն ասում է, որ վերցնում են որպես գլխավոր չափորոշիչ կալորիականության 8500 կկալ խմ-ն և ըստ այդ դա իր անդրադարձն է ունենալու նաև գնագոյացման վրա։ Սա պարզապես հերթական քայլն է ինչ-որ իմաստով հիմնավորելու այն բարձրացումը, որը առաջիկայում մենք ունենալու ենք և սրան գումարած նաև բոլոր այն գործընթացները, որոնք ուղղված էին «Գազպրոմ Արմենիա» ընկերության կորուստների կոմպենսացմանը։ Գիտենք, որ Կառավարության որոշման համաձայն տարեկան պետբյուջեից 32 մլն դոլար է հատկացվելու ընկերությանը իր կորուստները նվազեցնելու համար կամ կոմպենսացնելու համար, այսինքն այս ամբողջ համալիրը թերևս թույլ չտվեց պահպանել գազի սակագինը գոնե գործող սահմաններում»,- նշեց Դավթյանը։

Դավթյանը խնդիրն ավելի խորքային է դիտարկում և այդ համատեքստում առնաձնացնում է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ կապված խնդիրները։

«Թվում է, թե լոկալ ներքին խնդիր է, բայց իրականում կարող եմ ասել՝ սա աշխարհաքաղաքական նշանակության խնդիր է, որովհետև ուղղակիորեն կապված է Իրան-Հայաստան երրորդ օդային բարձրավոլտ գծի կառուցման  ձախողման հետ, որովհետև նախագիծը, որը պետք է Հյուսիս-հարավ միջազգային  էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում շահագործման հանձնված լիներ 2019 թվականի ձմռանը, փաստորեն ձախողվեց։ Այնուհետև հայտարարեցին 2020 թվականի մասին, սակայն դրա համար էլ օբյեկտիվ պատճառներ կային՝ կորոնավիրուս, պատերազմ, այնուհետև հայտարարեցին 2021 թվականի դեկտեմբերի մասին, բնականաբար ևս ավարտին չհասցվեց, սայլը տեղում մնաց, հիմա էլ հայտարարում են 2023-2024 թվականների մասին։ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի պես խոշոր օբյեկտի հետագա շահագործումը, առանց կայուն արտահանման դեպի Իրան, դառնում է աննպատակահարմար և սա ևս հանգեցրել է նրան, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի կարողանում ապահովել իր ներքին եկամտաբերության նորմը, որը կազմում է տարեկան 9 տոկոս և արդյունքում՝ Կառավարությունը ձախողումների շարքի արդյունքում պետք է նախ և առաջ կոմպենսացնի պետբյուջեից տարեկան 32 մլն դոլար, սակագին բարձրացնի, նոր չափորոշիչներ կիրառի, մասնավորապես կալորիականության կիրառման մասով»։

Սրանով, փաստորեն, ըստ Վահե Դավթյանի, ստեղծվում է սոցիալական բավական ծանր իրավիճակ։ Փորձագետի խոսքով, ՀՀ-ն թևակոխել է սակագների բարձրացման բավականին ակտիվ փուլ և դա  իր ուղղակի անդրադարձն է ունենում էլէներգիայի սակագների  բարձրացման վրա։

«Սրանք փոխկապակցված երևույթներ են, այն նոր սակագնային փաթեթը, որը հաստատվեց օրերս դա վերաբերում է նաև խոշոր սպառողներին՝ ՋԷԿ-երին, որոնք արտադրում են ՀՀ-ում էլէներգիայի մոտ 40-42 տոկոսը, հետևաբար ես կարծում եմ, որ առաջիկայում՝ այս տարվա վերջին մյուս տարվա համար ևս մեկ անգամ դրվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ որոշում է կայացվում էլէներգիայի բարձրացման մասին, սա խոսում է, որ երկրի էներգետիկ համակարգում առկա է խորքային ճգնաժամ, որը այս կառավարությունը այլև չունի որևէ հնարավորություն լուծելու։ Իրավիճակը փակուղային է մեր էներգետիկ համակարգում  հատկապես սակագների մասով։ Գումարած սրան, այն հսակայական վարկային բեռը, որը մենք բերել ենք էներգետիկ համակարգը պահպանելու, այն արդիականացնելու համար, իսկ համակարգն ունի ցածր ՕԳԳ, այդ վարկերի մարումը իրականացվում է սակագների բարձրացման միջոցով։ Սա է հիմնական խնդիրը»,- նշեց Դավթյանը։

Իսկ Փաշինյանի այն պնդմանը, որ գազի գնի ավելացումը սպառողը չի զգալու, Դավթյանը համարում է հերթական մանիպուլյացիան դիլետանտների և խնդիրը չհասկացողների համար։

«Այսօր սա պարզապես օգտագործվում է որպես արգումենտ սակագնի բարձացումը հիմնավորելու համար, սակագինը անկախ այդ խոսույթից, որը այսօր տարածվում է, ապրիլի մեկից բարձրանալու է և գուցե շարքային սպառողը իր վրա շատ չզգա ուղիղ սպառման տեսքով, այնուամենայնիվ խոշոր սպառողները զգալու են․․․»։

Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողովին փորձագետը թերահավատորեն է մոտենում , թե  ՀԾԿՀ-ն կարող է պատշաճ վերահսկողություն իրականացնել։

«Անգամ եթե այս  մեթոդաբանությամբ ենք շարժվում, հաշվի առնելով՝ ՀԾԿՀ-ից, որ միայն անվանումն է մնացել, պարզապես դարձել են կառավարության օրակարգը սպասարկող հերթական մարմին, ես չեմ  կարծում, որ այդ վերահսկողությունը պատշաճ կերպով իրակացվելու է, որպեսզի մենք դրա մեթոդաբանության օբյեկտիվությունը կարողանանք գնահատել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ