Ցավոք, այսօր մեր երկիրը, մենք բոլորս կանգնած ենք պատմական նշանակության մարտահրավերների, արտաքին ամենալուրջ սպառնալիքների առաջ. մեզ պայքարի համար անհրաժեշտ է խաթարված հանրային համերաշխության վերականգնում, համազգային միասնություն ու վստահություն իրար նկատմամբ: Այս մասին ասվում է ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթթոյանի հաղորդագրությունում:
«Սիրելի´ հայրենակիցներ,
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջին վայրկյաններն աշխատել եմ բացարձակ նույն սկզբունքներով ու գաղափարներով, ինչ ընտրվելուս առաջին օրից սկսած` անկախությամբ և երդմանս հավատարիմ:
Ինձ համար իմ նվիրումի միակ չափանիշը եղել է ուժեղ պետականութունը՝ հիմնված մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա։
Հենց ամուր պետականությունն է մեր իրավունքների իրական երաշխավորը, մեր Հայրենիքի պահապանը:
Ցավոք, այսօր մեր երկիրը, մենք բոլորս կանգնած ենք պատմական նշանակության մարտահրավերների, արտաքին ամենալուրջ սպառնալիքների առաջ. մեզ պայքարի համար անհրաժեշտ է խաթարված հանրային համերաշխության վերականգնում, համազգային միասնություն ու վստահություն իրար նկատմամբ:
Միայն այսպես կկարողանանք ամրացնել մեր պետականությունը և դառնալ վստահ առաջընթացի ճանապարհին:
Բայց այս նպատակի ճանապարհին պետք է ուժեղ լինի պետության նկատմամբ քաղաքացու վերահսկողությունը:
Հիմա անչափ կարևոր է այնպես անել, որպեսզի որևէ հանրային գործիչ չհամարձակվի մոլորեցնել այնպիսի հայտարարություններով կամ անի այնպիսի քայլեր, որոնք բխում են իր քաղաքական կամ անձնական շահերից, բայց վնասում են մեր երկրի ու բոլորիս անվտանգությունը:
Նման արատավոր երևույթները թուլացնում են մեր պետականությունը, սպառնալիք են մեր անվտանգությանը:
Առկա խնդրից թաքնվելով կամ խնդիրն անտեսելով` այն աղետի կվերածենք:
Ինքս, անկախ դժվարություններից, երբեք չեմ հուսահատվել: Կատարել եմ բացառապես մասնագիտական արժանապատիվ ու պատվախնդիր աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով: Չնայած բարդ է եղել, բայց դժվարություններից չեմ ընկրկել
Եվ, իհարկե, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։
Այս ողջ ընթացքում սերտ համագործակցել ենք միջազգային կազմակերպությունների ու այլ երկրների իմ գործընկերների, Հայկական սփյուռքի հետ: Մշտական կապի մեջ ենք եղել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների ու լրագրողների հետ:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պետական մարմինների այն գործընկերներին, որոնք գիտակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի իրական կարգավիճակը, չդարձան քաղաքական կապանքների զոհը և ցուցադրեցին պետական մոտեցում:
Սիրելի՜ հայրենակիցներ,
Հատուկ երախտագիտություն եմ հայտնում ձեզ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որ վստահեցիք ինձ:
Ինքս երբեք որևէ հարցում ձեր նկատմամբ ազնվությունը չեմ թողել, միշտ եղել եմ շիտակ ու չեմ նայել, թե ինչ անձնական կամ այլ հետևանքներ կարող են լինել:
Միակ նվիրականը եղել է ամուր պետականությունը, իսկ հայրենասիրությունն ուղղակի պատվաբեր առաքելություն է:
Նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանին շնորհավորել եմ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առիթով, քննարկել ենք մի շարք հարցեր ու մաղթել եմ հաջողություններ աշխատանքում:
Այսուհետ ևս շարունակելու եմ ծառայել պետության ամրացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործին իմ առավելագույն հնարավորություններով, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն աջակցելով:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (2016-2022թթ.)»,- ասված է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը