Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում ադրբեջանցիների կողմից բարձրախոսներով հայ բնակչությանն ուղղված «կոչերն ու հորդորները» բնակչությանն ահաբեկելու ուղիղ դիտավորություն ունեն, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձևավորելու և գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ արդեն 3-րդ օրն է համայնքի մերձակայքում տեղակայված և համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ուժի կիրառման սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին, հետևյալ բովանդակությամբ․
«Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործողություն կարգավորում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է։ Ներկայումս ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ուժ կկիրառվի, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա։ Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքեք տարածքը, լքեք տարածքը»։
Փաստերի հավաքագրման նպատակով առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել ենք Խրամորթ համայնք։
Հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողությունները իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են, ինչի մասին է վկայում նաև այն հանագամանքը, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցիալական ցանցերում տարածվում են 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալինքներով:
Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկելու նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից։
Համայնքում բնակվող 300 ավելի խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաններ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։
Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը, մարդիկ հիմնականում դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը խաղաղ բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է։
Սա Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է, որի պայմաններում ադրբեջանական կողմը նոր մեթոդներ ու միջոցներ է կիրառում իր հայատյաց ու ահաբեկչական քաղաքականությունը առաջ մղելու համար։
Համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես, համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովմանը»,-նշված է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը