Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենք անվտանգ զգան։ «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Դրա երաշխիքը մեր դաշնակցային հարաբերություններն են, դրանց խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ուղեծիրը, որ բռնել են մեր երկրները»,–ասել է դեսպանը։
Մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակի սրացման ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքների հարցը՝ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի համար թանկ են 2 երկրների հետ հարաբերությունները։ ՌԴ–ն դրանք դիտարկում է որպես տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման կարևոր գործոն, քանի որ դրանք Ռուսաստանին թույլ են տալիս միջնորդական դեր ունենալ եղած և առաջացող խնդիրների կարգավորման գործում:
«Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, ներառյալ սահմանային խնդիրների կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը։ Իհարկե, շատ կարևոր է, որ այդ ջանքերն ամրապնդվեն 2 կողմերի քաղաքական կամքով, նրանց համար ընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ գտնելու պատրաստակամությամբ։ Մենք Երևանի և Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասել է դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը