18 02 2022

Արմնյուզ հեռուստաընկերությունը զրկվեց լիցենզիայից

Արմնյուզ հեռուստաընկերությունը զրկվեց լիցենզիայից

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստի ժամանակ որոշում է կայացրել, որի համաձայն «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան հետ է կանչվել։ «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ, որ վերադառնում է եթեր:

Այսօր՝ փետրվարի 18֊ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների հանդեպ 2022 թվականի փետրվարի 12-ին ընդունել էր ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումներ՝ առանց հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու հիմքով՝ 5 օր ժամկետով:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` սահմանված խախտումը չի վերացվել:

Քանի որ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության կողմից դեռևս փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից հեռարձակումն իր կողմից անջատվելուց հետո (որի արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կասեցրել էր լիցենզիայի գործողությունը 5 օր ժամկետով), որևէ պաշտոնական գրություն կամ հեռարձակումը վերականգնելու որևէ ցանկություն չի ներկայացվել, ուստի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց դադարեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 296 լիցենզիայի գործողությունը:

Ինչ վերաբերվում է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությանը, ապա ընկերությունը լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացրած գրությամբ հայտնել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվանից կամ Հանձնաժողովի կողմից ավելի շուտ ժամկետ սահմանվելու դեպքում՝ այդ պահից, լսողական հաղորդումների հեռարձակումը շարունակելու իրենց պատրաստակամության մասին և խնդրել վերացնել Հանձնաժողովի «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ թիվ 17-Ա որոշումը:

Ուստի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց՝ վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2022 թվականի փետրվարի 18-ից:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Քառյակ մեդիան» հայտարարություն էր տարածել գործունեության դադարեցման մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ