Yerkir.am-ը գրում է․
Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «հեղափոխական» շունչը տեղ-տեղ անգամ վախեցնում է։
Մասնավորապես կա կետ, որով թուրքերենն ու ադրբեջաներենը հնարավոր է դպրոցում դասավանդվող պարտադիր առարկա դառնան, ասենք, ռուսերենի ու անգլերենի փոխարեն։ Սա հավանական սցենարներից մեկն է, քանի որ ձևակերպումն այնքան անորոշ է, որ ըստ քաղաքական նպատակահարմարության ինչպես ուզենան, այնպես էլ կարող են անել։ Նախ՝ չի նշվում, թե դպրոցակա՞ն կրթական ծրագիր են մտցնելու այս լեզուները, թե՞ բուհական։ Եթե հաշվի առնենք, որ բուհական ծրագրում արդեն ներառված են, ուրեմն իբրև կրթության զարգացման նոր միտում հավանաբար խոսքը հենց դպրոց մտցնելու մասին է։
Ձևակեպումը հետևյալն է․ «կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է՝ «հարևան երկրների լեզուների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) դասավանդման ներդրում կրթական համակարգում»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս կետը անհաջող ձևակերպված որակեց, ինչպես նաև անընդունելի համարեց նշված լեզուները, ասենք, անգլերենի ու ռուսերենի փոխարեն ներդնելը։
«Ո՞նց կարող են այդ լեզուները փոխարինել ռուսերենին ու անգլերենին, եթե այդպիսի բան լինի, որը ես այս պահին չեմ կարող ենթադրել, դա միանշանակ անընդունելի է։ Դա չի կարող լինել հանրակրթական խնդիր, դա կարող է լինել նեղ մասնագիտական խնդիր։ Ասենք գուցե մեզ պետք լինի տարեկան 5-10 հոգի, որոնք սովորեն ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն կամ պարսկերեն, բայց ո՛չ դպրոցներում համատարած»,-ասաց կրթության փորձագետը։
Սա մտահոգիչ է նաև այն առումով, որ դասացուցակներն այս պահին էլ դպրոցներում շատ ծանրաբեռնված են, նշեց նա, առավելագույնը կարող են որոշակի դպրոցներում, եթե այդ լեզուներից որևէ մեկի ինչ-որ մասնագետ գտնեն, արտադասարանական խմբակի ձևով ուսուցանել կամ արտադպրոցական հաստատությունում լեզվի խմբակի ձևով։ Համատարած ուսուցում, նրա համոզմամբ, չի կարող լինել, նույնիսկ եթե շատ էլ ուզենան՝ չեն կարող անել, որովհետև ո՞րտեղից են գտնելու այդքան ուսուցիչ։ Սերոբ Խաչատրյանը, հավանաբար, թերագնահատում է կրթության մեր պատասխանատուներին, քանի որ նրանք, եթե ուզենան, Թուրքիայից ու Ադրբեջանից էլ կարող են մասնագետներ բերել իրենց «բարեկամ» երկրների լեզուները Հայաստանում զանգվածաբար ներդնելու համար։
Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագրում «Կրթության համակարգի արդյունավետությունը» բաժնում այսպիսի ձևակերպում կա․ «Թե՛ տնօրենների նշանակման, թե՛ նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը ուղեկցվել է կոռուպցիոն երևույթներով և քաղաքականացվածության բացահայտ բարձր մակարդակով: Հովանավորչությունը սովորական երևույթ է եղել ինչպես տնօրենների ընտրության, այնպես էլ՝ ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի ընդունման հարցերում»։
Նախկինների ստվերների հետ կռիվ տալու, պիտակավորման ու վհուկների որսի այս դրսևորումը կրթության զարգացման ծրագրում ավելորդ և անընդունելի է։
«Այս մակարդակի փաստաթղթում գուցե այդ մասին չնշվեր, ավելի ընդհանրական նշվեր, որովհետև սա այդ փաստաթուղթը չէ, կարելի էր ավելի մասնագիտական լեզվով նշել, ասենք, «ընտրության համակարգերը չեն արդարացնում իրենց», որովհետև երբ գրում են «կոռուպցիա», «հովանավորչություն», մեկը կարող է ասել՝ դե ապացույցներ ներկայացրեք»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։
Այս փաստաթղթում նաև նշվում է, իբրև թե տարրական դասարանի աշակերտները կարդալ չգիտեն, կարդացածն էլ չեն հասկանում՝ կարծես կրկնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «երկրի կրտսեր դպրոցը ավարտած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի»․ տպավորություն է, որ միտում կա Հայաստանը թույլ ու անպաշտպան լինելու հետ միասին նաև անկիրթ ներկայացնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ուսումնասիրելով կրթության զարգացման ծրագիրը՝ Սերոբ Խաչատրյանի համար նորից անհասկանալի է մնացել, թե մենք որ պետության համար ենք կրթական համակարգ ձևավորում։
«Որպեսզի կրթության զարգացման այս ծրագիրն իմաստ ունենա, պետք է հասկանանք՝ մեր հասարակությունն ինչպիսին պետք է լինի, որ տեսնենք՝ կրթությունը համապատասխանո՞ւմ է դրան, թե՞ չէ։ Հիմա քանի որ այդ հասարակական տեսլականը չկա՝ կրթության ծրագիրը ստացվում է մոտավորապես այսպիսի մի բան՝ ինչ-որ բրենդային բաներ են վերցնում՝ ներառականություն, կրթության արդյունավետություն և դրանց վրա կառուցում»,-ասաց կրթության փորձագետը։
Միակ դրականը այս համատեքստում Սերոբ Խաչատրյանը համարում է ռազմական կրթության դերի կարևորումը, որը Հայաստանի համար առաջնային խնդիր է, բայց եթե ծրագրում «Հայաստան» բառը ոչ մի տեղ չօգտագործվի, աշխարհի 100 երկրի սա կարող է համապատասխանել, կոնկրետ Հայաստանին վերաբերող ոչ մի առանձնահատկություն չկա։
Կրթության փորձագետը ծրագիրը նաև չհիմնավորված հավակնոտ է համարում․ օրինակ, նշված է, որ Հայաստանի առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Այսպիսի արդյունքի, նրա համոզմամբ, մենք դժվար թե կարողանանք հասնել, բայց եթե անգամ կա նպատակ թեկուզ ոչ 4-ը, գոնե 2-ը հասցնելու, ապա սա իրականացնելու համար վաղուց պետք է սկսեինք այդ ուղղությամբ աշխատել։
Աննա Բալյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը