01 09 2023

Դպրոցներին հանձնարարվել է՝ ծնողներին չուղղորդել, որ գնեն դասագրքերը կամ պատճենեն էլեկտրոնային տարբերակները. ԿԳՄՍՆ

Դպրոցներին հանձնարարվել է՝ ծնողներին չուղղորդել, որ գնեն դասագրքերը կամ պատճենեն էլեկտրոնային տարբերակները. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը: Նոր դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է, և դրանք փուլային տարբերակով կառաքվեն դպրոցներ սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Դպրոցներին հանձնարարվել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից: Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները:

Հաշվի առնելով վերջին օրերին քաղաքացիներից ստացված ահազանգերն ու դժգոհությունները՝ տեղեկացնում ենք, որ դասագրքերի խնդիրը քննարկվել է օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ՝ ՀՀ բոլոր մարզերի, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍՆ ենթակայության, ինչպես նաև ոչ պետական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Դպրոցները տեղեկացված են եղել անցումային փուլի խնդիրների և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին:

Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիները դասագրքերի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց հուզող հարցերով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարության «Թեժ գիծ»՝ 010-599-600 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ դասագրքերի ապահովման գործընթացն իրականացվում է սահմանված կարգով, համաձայն որի՝ տարրական դասարանների դասագրքերն աշակերտներին տրվում են պետական միջոցների հաշվին՝ անվճար, իսկ մյուս դասարանների դասագրքերը՝ ներդրումային գումարներով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ