15 02 2022

Նիկոլի քննիչ հանձնաժողովը. 7or.am

Նիկոլի քննիչ հանձնաժողովը. 7or.am

7or.am-ը գրում է․

Խորհրդարանի նիկոլական մեծամասնությունը 44–օրյա պատերազմի թեմայով քննիչ հանձնաժողով է ստեղծել։ Այն գլխավորելու է տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանզի մեղավորների ու պատասխանատուների գլխավորած հանձնաժողովում ի՞նչ իմաստ ունի մասնակցելը։

Նույն Անդրանիկ Քոչարյանը 44–օրյայի ժամանակ պաշտոնատար անձ է եղել, ինքը պետք է հարցերի պատասխանի, այլ ոչ թե հարցեր տա։

«Հաղթելու ենք»–ի քարոզիչ Արծրուն Հովհաննիսյանին բերել են ԱԺ պաշտպանության, անվտանգության հանձնաժողով՝ որպես փորձագետ, ու նրան էլ են ներգրավելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Էս «մուտիլովչի՞կը» պետք է փորձագիտական գնահատական տա։ Գետաշենն «ազատագրող» էս ստախո՞սը պետք է օբյեկտիվ քննություն վարի։

Արծրունը 44 օր միտումնավոր ստել է, մաս է կազմել պարտության կերտմանը։ Նա պետք է հարցերի պատասխանի, ոչ թե հարցեր տվող հանձնաժողովում փորձագետ աշխատի։

Ասում են, թե արտախորհրդարանական ուժերին էլ ենք կանչելու հանձնաժողովի նիստերին։ Այլ կերպ ասած՝ Նիկոլի հաճախորդներն էլ են լինելու թամաշայի մասնակից։

Այն, որ 44–օրյայի հետ կապված հայկական Նյուրնբերգի կարիք կա, ակնհայտ է, բայց դա կլինի իշխանափոխությունից հետո։ Նիկոլը նախ պետք է պատասխան տա, թե ինչու տապալեց բանակցային գործընթացը, ինչու Հայաստանին մենակ թողեց, ինչու խայտառակ կառավարեց պատերազմը, ինչու հոկտեմբերի 19–ին չընդունեց Պուտինի առաջարկն ու չկանգնեցրեց պատերազմը, ինչու է հիմա Արցախը համարում Ադրբեջանի մաս ու ամեն օր քարոզում Ալիևի օգտին։ Կան բազմաթիվ այլ «ինչուներ», որոնց պատասխանը հնարավոր է ստանալ և որոնց հետ կապված օբյեկտիվ քննություն հնարավոր է վարել այլ իշխանության պայմաններում։ Թե չէ Նիկոլը հիմա ինքն իրեն քննող հանձնաժողով է ստեղծել։ Արդեն նախապես կարելի է ասել, թե ինչ եզրակացության է հանգելու հանձնաժողովը։ Ասելու են՝ Նիկոլն անմեղ է, բանակն ու նախկիններն են մեղավոր։

Երբ Նիկոլ Փաշինյանը 44–օրյայի հետ կապված քննիչ հանձնաժողով է ստեղծում, դա նույնն է, որ, ասենք, երիտթուրքերը Հայոց ցեղասպանության հարցով հանձնաժողով ստեղծեին ու փորձեին բացահայտել մեղավորներին։ Կա՛մ էլ Հիտլերը ոչ թե ինքնասպան լիներ, այլ բունկերից հայտարարեր, թե եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, իշխանական աթոռը Գեբելսի ստի քարոզչության միջոցով պահեր, հետո ստեղծեր քննիչ հանձնաժողով ուսումնասիրելու համար Գերմանիան ավերակների վերածելու պատճառները (ձեռքի հետ էլ պարզեին, թե ովքեր են եղել Հոլոքոստի մեղավորները)։

Այնպես որ Նիկոլի թամաշային իմաստ չունի մասնակցելը։ Ընդդիմությունը ճիշտ է արել, որ որոշել է չմասնակցել։ Այս մասով քննադատություններն անտեղի են։ Այլ հարց է, որ ընդդիմությանը կարելի է մեղադրել այն բանի համար, որ Նիկոլը դեռ իշխանության է։ Թե ինչու է այդպես ստացվել և ինչ պետք է անել, արդեն այլ խոսակցության թեմա է։

Կորյուն Մանուկյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ