Երկրորդ զինծառայողն է անհետացել դիրքերից՝ անհասկանալի պայմաններում: Yerevan.Today-ի նկարահանող խումբը եղել է Վայոց ձորի Գլաձոր համայնքում, որտեղ բնակվում է անհետացած պայմանագրային զինծառայող, 33-ամյա Վահե Մանուկյանի ընտանիքը՝ չքավորության պայմաններում:
Վահե Մանուկյանին որոնում են 2021թ նոյեմբերի 12-ից, կնոջ հետ հեռախոսով խոսելու պահին է զինծառայողն անհետացել պոստից․ ենթադրաբար՝ նրան առևանգել ու գերեվարել է թշնամին, բայց հատկանշական է, որ նրա անհետացման դեպքով տասն օր անց հարուցված քրգործի հիմք է համարվում ինքնակամ պոստը լքելը: Որտեղի՞ց ռազմական ոստիկանությանն այդպիսի տվյալներ, ի՞նչ հիմքով են ՌՈ աշխատակիցները ընտանիքին լուրն հայտնելիս պնդել, որ Վահեն փախել է դիրքից՝ շարքային դասալիքի պես, այն դեպքում, երբ որևէ մեկը, փաստորեն, նրա՝ դիրքը լքելուն ականատես չի եղել, և չկան փաստեր ու դրա մասին վկայող ցուցմունքներ (ըստ ընտանիքի անդամների):
Ավելին, Վահեի անհետանալու հանգամանքները խիստ կասկածելի են դառնում հատկապես վերջինիս ծառայության ընթացքում ստացած ՊՆ բնութագրերի ու ծառայությունը երկարաձգելու համար վերջնիս դիմումի ֆոնին: Բանն այ է, որ Վահեն անհետացել է դիքերից իր զորացրվելուց մի քանի օր առաջ, ու արդեն հերթական դիմումն էր գրել ՊՆ-ին, որպեսզի նորից պայմանագիր կնքեն ու երկարաձգեն իր ծառայության ժամկետները, իսկ դա նշանակում է, որ առնվազն կարելի է բացառել ինքնակամ պոստը լքելու՝ դասալքության վարկածը։ Մինչդեռ հենց այս հիմքով է քրգործը հարուցվել: Ընդգծենք, որ գործով միակ մեղադրյալը հենց ինքը՝ Վահե Մանուկյանն է ՝ տուժող ճանաչվելու փոխարեն, չկա կասկածյալ։ Սա նշանակում է, որ գործով ի սկզբանե կարող է ուղղորդված քննություն տարվել:
Հիշեցնենք, նախորդ տարի մայիսի 16-ից, խաղաղության պայմաններում առաջինը անհետացած զինծառայող Նարեկ Մկրտչյանի քրգործի հիմքն էլ նույնն է՝ ինքնակամ դիրքը լքել: Ուշագրավ է, որ շուրջ մեկ տարի տարվող քննության ընթացքում այնդպես էլ Նարեկի գործով չեն ներգրավվել կասկածյալներ ու այլ մեղադրյալներ, միայն անհետացած զինծառոյողին է մեղադրանք առաջադրվել: Նարեկ Մկրտչյանը 19 տարեկան է, Նոյեմբերյանից, անհետացել է Գեղարքունիքի դիքերից՝ թշնամու զորքի՝ հայկական տարածք ներխուժման օրերին:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը