15 01 2022

Հակակոռուպցիոն կոմիտեի համար 15 մլն դրամով մեքենա է գնվել․ Iravaban.net

Հակակոռուպցիոն կոմիտեի համար 15 մլն դրամով մեքենա է գնվել․ Iravaban.net

Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։ Այս մասին հայտնում է iravaban.net-ը:

Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի։

Գնումը կազմել է 15 միլիոն դրամ։

Ըստ մեքենայի տեխնիկական բնութագրի․

•             ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ է,

•             թափքի տեսակը՝ մարդատար, 8 տեղ,

•             շարժիչի ծավալը՝ առավելագույնը 2․5 լիտր,

•             վառելիքի տեսակը՝ դիզել,

•             վառելիքի բաքի տարողությունը՝ առավելագույնը 75 լիտր,

•             վառելիքի ծախսը (խառը ցիկ․)՝ առավելագույնը միչև 9 լիտր,

•             շարժիչի հզորությունը՝ մինչև 170 ձիաուժ,

•             փոխանցման տուփ՝ 5-9 աստիճան, ավտոմատ,

•             ավտոմեքենայի վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը։

Ըստ պայմանագրի՝ մատակարարը պետք է ապահովի երաշխիք և հետերաշխիքային ծառայություն 60 ամիս/100․000 կմ վազք։

Սպասարկման ընթացքում շարժիչի յուղը պետք է փոխարինվի նշված ավտոմեքենայի համար նախատեսված գործարանային յուղով։

Մատակարարը պետք է ունենա՝ ավտոպահեստամասերի/ընթացային, թափքի մասին պահեստամասեր/ պահեստ կամ խանութ, վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր արտադրամասերը (ընթացամասի, էլեկտրականության, յուղման, անվաբացքի կարգավորման, վուլկանացման, ինժեկտորի վերանորոգման, ղեկային մասի, շարժիչի, փոխանցման տուփի և կամրջակների վերանորոգման, մեքենայի ախտորոշման և այլ անհրաժեշտ սարքավորումներ և ծառայություններ, ինչպես նաև՝ զոդման և թափքի ներկման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն):

Իրավաբան.net-ը հայտնում է, որ թե՛ «Մուլտի գրուպ», թե՛ «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի բաժնետեր է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը 2021 թվականին ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր էր ներկայացրել, դրանում նշված է, որ ընկերությունները հավատարմագրային կառավարման են հանձնված եղել Սեդրակ Առուստամյանին․ պայմանագիրը կնքվել է 2017 թվականի մայիսի 20-ին, իսկ ավարտը նշված է 2022 թվականի մայիսի 20-ին։

«Մուլտի Գրուպ» ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ 2006թ․-ի հունվարից իր գործունեությունը ծավալած «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Հյունդայ մոթորս» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունն իրականացնում է Հյունդայ ավտոմեքենաների, օրիգինալ ավտոպահեստամասերի և աքսեսուարների վաճառք, ինչպես նաև մեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է Hyundai հետևյալ մոդելային շարքը՝ Elantra, Genesis, i 10, i 20, Santa Fe, Tucson, Veloster, Sonata, H 1, Azera:

Մեքենայի գնման մասին, ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր այն հարցման, թե ինչ մակնիշի է մեքենան, Հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել են, որ նպատակահարմար չէ հայտնել դրա մակնիշը, քանի որ մեքենան հատուկ նշանակություն ունի։ «Առաջիկայում ձեռք է բերվելու ևս 9 ավտոմեքենա»,-նշել են Հակակոռուպցոն կոմիտեից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ