14 01 2022

Ոստիկանությունը հաստատեց. Ռազմիկ Պետրոսյանի նշանակումը եղել է ապօրինի

Ոստիկանությունը հաստատեց. Ռազմիկ Պետրոսյանի նշանակումը եղել է ապօրինի

Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմի թեմայի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Yerevan.Today-ի հրապարակումից հետո նա պաշտոնանկ արվեց, բայց այդպես էլ չնշվեց պաշտոնանկության պատճառը: «Մեղավորն եմ, բայց ոչ պատասխանատուն» մակարդակի տեքստ էլ չլսեցինք:

Բայց, այն, ինչ համառորեն չի ընդունում կառավարությունը, հաստատեց ոստիկանությունը: Այսպես, պարզվում է, որ Ռազմիկ Պետրոսյանն իր դիպլոմի մասով ինքն է դիմել ոստիկանություն, որտեղից նրան պատասխանել են, որ դիպլոմը կեղծ չէ, այլ համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ:

Առաջին հայացքից թվում է, թե ոստիկանությունն էլ, ինչպես օրինակ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա, դիպլմոը կեղծ չէ, պարզապես բուհը հավատարմագրված չէ:

Իսկ ի՞նչ է ասում օրենքը: Այսպես, համաձայն հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ «Վարչական պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն»: Մարզպետի և նրա տեղակալների պաշտոնը համարվում են վարչական պաշտոն։

Իսկ Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձևով և պետական հավատարմագրման առկայությամբ: Ստացվում է, որ օրենքը խախտվել է, քանի որ Ռազմիկ Պետրոսյանը իրավունք չուներ չհավատարմագրված բուհի դիպլմով զբաղեցնել մարզպետի կամ փոխմարզպետի պաշտոնը:

Ռազմիկ Պետրոսյանը 2020 թվականի հոկտեմբերի 30-ին նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ, իսկ ուղիղ մեկ տարի անց նշանակվել է մարզպետ: Փոխմարզպետի աշխատավարձը կազմում է 529 հազար 120 դրամ, իսկ մարզպետինը՝ 661 հազար 400 դրամ: Այստեղ ներառված չեն պարգևավճարները, որոնց դեպքում կառավարությունը միշտ գումար գտնում է: Այսինքն՝ ամեն ամիս ստանում են նշվածի կրկնակին։ Ստացվում է, որ Ռազմիկ Պետրոսյանը անօրինական ձևով պետական բյուջեից ստացել է առնվազն 7 մլն 800 հազար դրամ, հավելավճար-պարգևավճարները գումարած՝ շուրջ 15 մլն դրամ:

Հարց է առաջանում, թե ի վերջո ո՞վ է պատասխանատվություն կրելու և՛ անօրինական նշանակման և՛ բյուջեի միջոցների անօրինական տնօրինման համար:

Նշենք նաև, որ դատախազությունը Yerevan.Today-ի հրապարակումը արդեն մեկ ամսից ավել է՝ ուսումնասիրում է, ավելին՝ ուղարկել է ոստիկանություն: Հուսանք, որ ոստիկանությունից մեզ ևս կտրվի պատասխան, նաև այն մասով, թե ինչպես եղավ, որ չլիցենզավորված համալսարանը կամ 2000 թվականին փակված համալսարանը 2002 թվականին դիպլոմ տվեց։

Իսկ այժմ սպասում ենք քրեական գործի հարուցման՝ չհավատարմագրված բուհի դիպլոմով մարզպետի պաշտոնին նշանակելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ