Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, կառույցի տանիքից ծուխ է բարձրանում, լսվում են կրակոցների ձայներ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Մինչ այդ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ժամանակ մի քանի ոստիկան ծեծի է ենթարկվել։
Ոստիկանները կանգնեցրել են քաղաքի կենտրոն շարժվող մի քանի հարյուր ցուցարարի, որոնք զինված են եղել մահակներով։ Նրանց նկատմամբ ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։
Գիշերը նույնպես իրավիճակը լարված է եղել, ցուցարարները ոստիկանական մի քանի ավտոմեքենա են այրել, 95 իրավապահ տուժել են, մոտ 200 ցուցարար բերման է ենթարկվել։
Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են տեղի ունենում՝ հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը