ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին նշանակել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am տեղեկատվական հարթակից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ նա ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները:
Կառավարության որոշմամբ՝ Վեդի համայնքում նշանակվելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակելու է Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:
Վեդիում քվեարկության արդյունքում ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: