27 12 2021

Պայմանագրային զինծառայողներն ահազանգում են՝ հավելավճարները չեն ստացել

Պայմանագրային զինծառայողներն ահազանգում են՝ հավելավճարները չեն ստացել

Auroranews-ը ահազանգ է ստացել ՊՆ մի խումբ պայմանագրային զինծառայողներից այն մասին, որ իրենց դեկտեմբեր ամսվա աշխատավարձի մի մասը չի փոխանցվել: Նշենք, որ խոսքը ոչ թե բուն աշխատավարձի մասին է, այլ հավելավճարի, որն ըստ մեզ ահազանգած զինծառայողների՝ ստանում են մարտական հերթապահություն իրականացնելիս: 

«Ասում են, որ հունվարին կստանանք, բայց տարին ավարտվում է, ու ճիշտը որ ասենք, չենք էլ հավատում, որ կստանանք։ Մյուս բոլոր կառույցներում էլ պարգևավճար ստացան, էլ 13-րդ աշխատավարձ ստացան, բայց սահմանապահներն ու բանակում աշխատողները հերիք չի զրկված են այս ամենից, իսկ մյուս բոլոր կառույցների աշխատակիցներն արժանի են՝ մի բան էլ մեր հավելավճարները չեն կարողացել բացառության կարգով դեկտեմբերին տալ, որ մենք էլ նոր տարի դիմավորենք: Հավանաբար պարեկները, ոստիկանները, պատգամավորները, պետական համակարգի աշխատողները մեզանից լավ են աշխատում, իրենք 3000 մետր բարձրության վրա ծառայություն չեն իրականացնում, էս քամու ձայնը, որ լսում եք, այդ պայմաններում չեն աշխատում, դրա համար էլ ավելի գնահատված են»,- նշեց պայմանագրային զինծառայողներից մեկը: 

Նրա խոսքով, 2-րդ, 3-րդ, 4-րդ բանակային կորպուսներում նույն վիճակն է: 

«Կարող եք հանգիստ զանգել տարբեր զորամասեր՝ Նոյեմբերյանի, Ճամբարակի, կհամոզվեք, որ ճիշտ ենք ասում: Բոլորն էլ նույն իրավիճակում են հայտնվել, հնարավոր է, որ որոշ տեղերում հրաժարվեն, վախենան բարձրաձայնել, բայց փաստը մնում է այն, որ նման իրավիճակում ենք հայտնվել: Միշտ էլ աշխատավարձն ու հավելավճարը մաս-մաս ենք ստացել, բայց տարի ենք փակում, ի վերջո մենք էլ ենք ուզում մեր ընտանիքների համար մինիմալ ծախսեր անել, որ գոնե ամանոր անցկացնեն՝ տեղից այնպես չէ, որ բարձր աշխատավարձ ենք ստանում: Մեր պաշտոնյաները չէի՞ն դժգոհի, ուրախ կլինեի՞ն, ըմբռնումով կմոտենայի՞ն, եթե մեր փոխարեն լինեին: Բոլորս էլ հստակ գիտենք այդ հարցի պատասխանը»,- նշեց մեկ այլ զինծառայող։ 

Հետաքրքրվեցինք, թե այս հարցով դիմե՞լ են իրենց վերադասին, նշեցին, որ դիմել են, բայց վերադասն էլ իրենց նման՝ ոչինչ չի կարող անել: Նշենք, որ Auroranews-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է փորձում ստանալ պաշտպանության նախարարությունից: Մեզ ահազանգած զինծառայողների անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ