ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացնում թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել:
Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներից (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք), և կշարունակվի Երևանի մսի վաճառքի բոլոր կետերում: Այսպիսի խստացման նպատակն է նախ և առաջ հսկել ստացված մսի ծագումը, և ապա՝ մսի տեղափոխման պայմաններն ու տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Տեսչական մարմնի մասնագետներն արդեն եղել են գործող 26 տաղավարներում, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: 8 տնտեսավարողի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, նաև՝ տաղավարներից մի քանիսում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:
Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կսահմանվի վարչական պատասխանատվություն:
ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների, որոշակիորեն բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը, իսկ տաղավարների հիմնական մասում ներկայացվում է կենդանիների սպանդից գոյացած վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը:
Մսի իրացման շուկաներում ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ դրա արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը 2022թ. Առաջին աաշխատանքնին օրը՝ դեկտեմբերի 3-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը