Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը՝ որոշումն հիմնավորելով անվտանգային խնդիրներով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել ծավալուն նյութեր, որոնք վերաբերվում են կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված պետական տեղեկություններին:
«Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության ուղիղ հասանելիությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը