08 12 2021

Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին

Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով ռազմագերիների մասին, այս խնդիրը համեմատեց «ահաբեկիչների դեմ պայքարի» հետ, ովքեր, գերի վերցնելով քաղաքացիական անձանց, փորձում են բանակցել իրենց պահանջների շուրջ։ Այն, որ այս համեմատությունն առնվազն կոռեկտ չէ, պարզ է ցանկացած մարդու համար, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին։

Ալեն Սիմոնյանն իր սկանդալային ելույթում բերեց Իսրայելի օրինակը, և ինչպես է լուծվում այս երկրում գերիների հարցը՝ չհասկանալով, որ այս օրինակով ստորագրել է «քաղաքական մահախոսանակի» տակ, ու եթե Իսրայելն ունենար այդպիսի քաղաքական գործիչներ ու առաջնորդներ ինչպես Փաշինյանն ու Սիմոնյանը, Իսրայել պետությունը երկար ժամանակ չէր կարող գոյություն ունենալ, բայց քանի որ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ուսումնասիրել Իսրայելի օրինակը, արժե Ձեզ ներկայացնել, թե ինչպես է Իսրայելը պաշտպանում իր գերիների շահերը։

Սկսենք նրանից, որ իսրայելական բանակի շրջաբերականներում կա այն թեզը, որ «իսրայելական բանակի զինվորի կյանքը բարձրագույն արժեք է»՝ սրանից բխող բոլոր հանգամանքներով։ Օրինակ, եթե իսրայելցի զինվորը գերի ընկնելու վտանգի առաջ է կանգնած, ապա նա չպետք է ենթարկվի պատերազմական կանոններին եւ հակազդեցություն ցուցաբերի՝ հանուն այլ նպատակների, քանի որ եթե նա դիմադրի գերի ընկնելուն, կարող է մահանալ։ Իսկ եթե զինվոր կամ սպա է գերի ընկել, ուրեմն պետք է ամեն ինչ անի նաեւ ինքն իր կյանքը փրկելու համար՝ հակառակորդին տրամադրելով բոլոր հնարավոր ու անհնարին տեղեկությունները։

Իսրայելական բանակի կառուցվածքն ու ղեկավարությունն այնպիսին է, որ զինվորներն ու սպաները սահմանափակ քանակությամբ տեղեկություններ ունեն, և եթե նրանք գերի ընկնեն, ապա այն տեղեկատվությունը, որին տիրապետում է մեկ զինվորը, չի սպառնա ամբողջ իսրայելական բանակի անվտանգությանը։

Իսրայելում գործում է «Ազգ-բանակ» հայտնի դոկտրինը, որտեղ բանակում ծառայում են ոչ միայն 18 տարին լրացած երիտասարդ տղաները, այլեւ աղջիկները, այսինքն՝ բանակն է այն դարբնոցը, որի միջով անցնում է գործնականում ողջ իսրայելական հասարակությունը։ Եվ քանի որ իսրայելական բանակն այս պետության անվտանգության հիմնական երաշխավորն է, այս երկրում սահմանվել են այնպիսի նորմեր, որոնց համաձայն բանակը պետք է պաշտպանված լինի ցանկացած բացասական երեւույթից։

Եթե ​​բանակում զինվորի կյանքն ապահով չլինի, ապա դա կարող է իսրայելական հասարակության մեջ բանակի վերաբերյալ կասկածներ առաջացնել, ինչը պարզապես կոչնչացնի բանակի ինստիտուտը։ Այդ իսկ պատճառով բանակում ցանկացած սպանություն լայնածավալ ու մանրակրկիտ հետաքննվում է, և բոլոր մեղավորները պատժվում են։ Հենց այս պատճառով է, որ այսօր իսրայելական բանակն ունի մահացության ամենացածր ցուցանիշներից մեկն աշխարհում։

Ըստ իսրայելական բանակի դոկտրինի՝ իսրայելցի զինվորն կամ սպան չի կարող անպատիժ գերի ընկնել հակառակորդի կողմից։ Հակառակորդը գիտի, որ ի պատասխան մեկ գերեվարված զինվորի, կարող է վիթխարի հարված ստանալ։ Այս առիթով ներկայացնենք հայտնի իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի պատմությունը, ով 2006 թվականի հունիսի 25-ին գերի էր ընկել պաղեստինցիների մոտ, ում ազատ արձակման համար իսրայելական պետությունը համաշխարհային աղմուկ բարձրացրեց։

Հիշեցնենք, որ 2006 թվականի հունիսի 25-ին, երբ նա գերի էր ընկել, այդ պահին նա չդիմադրեց ահաբեկիչներին և այլընտրանք չունենալու պատճառով ինքնուրույն հանձնվեց ահաբեկիչներին։

Փաշինյանի ու Սիմոնյանի պատկերացումներով՝ Շիլիթին պետք է դատեին Իսրայելում, սակայն եղավ հակառակը: Իսրայելական պետությունն օգտագործեց «իր ողջ զինանոցը» Շալիթին ազատելու համար։ Շալիթի գերեվարումից ընդամենը 2 օր անց բանակը ռազմական գործողություն սկսեց պաղեստինցիների դեմ։ Իսրայելական կործանիչները նույնիսկ սպառնացել են հարվածներ հասցնել մի շարք արաբական պետությունների առաջնորդների նստավայրերին։

Իր սեփական զինվորներից միայն մեկին գերեվարելու համար Իսրայելը սպառնացել է գրավել Հորդանան գետի ամբողջ Արևմտյան ափը: Շալիթին ազատելու համար համաշխարհային առաջնորդները սկսեցին միջնորդական առաքելություն իրականացնել, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը փորձեց համոզել պաղեստինցիներին ազատ արձակել Գիլադ Շալիթին։ Պաղեստինցիներն իրենց հերթին Շալիթի դիմաց պահանջում էին ազատ արձակել իսրայելական բանտերում բանտարկված ավելի քան 4000 պաղեստինցի ահաբեկիչներին։

Շալիթի գերեվարելուց 4 տարի անց՝ 2010 թվականին, Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես եկավ իսրայելցի զինվորի ազատ արձակման կոչով: Իսկ այն ժամանակ Ռուսաստանը միակ ազդեցիկ երկիրն էր, որը սերտ կապեր ուներ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ։

Շալիթի ազատագրման համար Իսրայելը մի քանի ռազմական գործողություններ իրականացրեց ՀԱՄԱՍ-ի դեմ, ամենաերկարը 3 շաբաթ տեւած ռազմական գործողությունն էր 2009 թվականին, որի արդյունքում իսրայելական բանակը տասնյակ պաղեստինցիների սպանեց։ Սա էր նաև պատճառը, որ պաղեստինցիները համաձայնեցին Շալիթին փոխանակել ավելի քան 1000 արաբների հետ, որոնք այդ ժամանակ գտնվում էին Իսրայելի բանտերում։

Եվ վերջապես, 2011 թվականին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագիր ստորագրեցին Գիլադ Շալիթի ազատ արձակման վերաբերյալ, համաձայն այս փաստաթղթի Իսրայելն ազատ է արձակել 1027 պաղեստինցիների, որոնցից 400-ը դատապարտվել էին ցմահ ազատազրկման ամենադաժան ահաբեկչական գործողությունների համար։

Սա Իսրայելի ռազմական դոկտրինն է՝ կապված իր ռազմագերիների ազատ արձակման հետ։ Համեմատեք Իսրայելի ղեկավարությունը Սիմոնյանի և Փաշինյանի հետ և պարզ կլինի, թե ինչու է Իսրայելը կարողացել վերջին 70 տարիների ընթացքում դառնալ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, իսկ Հայաստանը Փաշինյանի և Սիմոնյանի 3,5 տարվա կառավարման ընթացքում կանգնած է պետականությունը կորցնելու սպառնալիքի առաջ։

Արդարության համար պետք է նշել, որ Իսրայելը միշտ ունեցել է ադեկվատ հասարակություն, որը համարժեք պատկերացումներ է ունեցել աշխարհի, պետության պահպանման և անվտանգության մասին։ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը նույնպես հասկացել է, որ սեփական երկրի անվտանգությունը չպետք է զոհաբերվի «հրեա Սերգո ջանի լավ կյանքի» դիմաց։ Ավելին, հենց անվտանգության ապահովման հիման վրա է հնարավոր «հրեա հասարակության Սերգո ջանի» լավ ապրելն ապագայում, ինչը ցույց է տալիս ներկայիս Իսրայել պետության օրինակը։

Մինչդեռ հայ հասարակության մեջ «Սերգո ջանի» լավ կյանքի գաղափարն անընդհատ ճնշում էր պետության վրա, և այս ամենի արդյունքում մենք ստացանք ներկայիս իշխանությանը։ Եվ դրա համար է, որ հայ ժողովուրդը պետք է իր մաշկի վրա զգա բոլոր զրկանքները, քանի որ սա բնության ամենաարդար օրենքն է։

Դավիթ Մկրտչյան

zham.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ