Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները ևս բողոքի ակցիաներ են իրականացրել՝ Գյումրիում փողոցներ փակելով։
Գրեվարված Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք վրդովվել և հուսալքվել են գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններից։
«Մեր տղաներին ոչ ոք իրավունք չունի մեղադրելու դավաճանության մեջ, պահանջում ենք վերադարձնեն և քննություն իրականացնեն։ Ինչպե՞ս կարելի է հայտարարություններ հնչեցնել, թե գերիները իրենց համար չկան, գոյություն չունեն։ Պետությունը պարտավոր է տղաներին հետ բերել»,-ասաց նա։
Արկադի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց հետ փորձել են բանակցել միայն ոստիկանությունից, փորձել են կապ հասատել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի հաջողվել։
Արկադի Հովհաննիսյանն ասաց, որ փոխանցում է բոլոր հարազատների խոսքերը՝ իրենք չեն լռելու, պայքարելու են, մինչև որդիներին չվերադարձնեն։
Հիշեցնենք, որ գերիների և անհետ կորածների հարազատներն այսօր երեկոյան բողոքի ակցիա են արել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և հանդիպի իրենց հետ։ Ավելի ուշ նրանք մի քանի ժամով փակել էին Հանրապետության հրապարակ մտնող մի քանի փողոց
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը