30 11 2021

«Լվացքատան» պատմությունից հետո Ռուբեն Վարդանյանը կարող է միայն հավաքարար աշխատել․ Politik.am

«Լվացքատան» պատմությունից հետո Ռուբեն Վարդանյանը կարող է միայն հավաքարար աշխատել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանը վերջին շրջանում քաղաքական ակտիվություն է ցուցաբերում։ Ըստ ամենայնի, Վարդանյանը նախագահ կամ վարչապետ դառնալու ախորժակ ունի։ Իր այս մտադրության մասին նա շատ ուղիղ խոսել է իր վերջին հարցազրույցի ընթացքում։

Պատասխանելով РБК լրատվամիջոցի հարցին՝ արդյոք պատրաստ է Հայաստանի նախագահ դառնալ, Վարդանյանը պատասխանել է, որ հիմա սուր կանգնած է Հայաստանի՝ որպես անկախ պետության պահպանման հարցը, այդ պատճառով, նման իրավիճակում երկրի ղեկավարի պատասխանատվության ստանձնման համար պետք է շատ համարձակ ու ռիսկի գնացող մարդ լինել։ «Եթե էլիտան միասնական հանդես գա և միասին որոշի, որ դա ճիշտ որոշում է, որ ես լինեմ, կամ մեկ ուրիշը, ցանկացած որոշում հնարավոր է, որովհետև պատրաստ եմ իմ ազգաի համար լինել և կոշկարար, և հավաքարար, և ղեկավար», – ասել է Ռուբեն Վարդանյանը։

Վարդանյանն իհարկե ճիշտ է ասում, որ ներկա փուլում շատ համարձակ ու կամային գործչի կարիք ունի Հայաստանը, բայց մոռանում է այն մասին, որ ինքը ոչ մի կերպ չի համապատասխանում այս պահանջներին։ Վարդանյանը մշտապես հարմարվել է բոլոր իշխանություններին ու հիմա էլ հարմարված է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Մարդը, որը ցանկանում է երկրի ղեկավար դառնալ, այս ընթացքում հրապարակային որևէ դիրքորոշում չի հայտնել 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Որևէ մեկին հայտնի չէ Վարդանյանի կարծիքը, թե ով կամ ովքեր են մեղավոր այս պարտության համար ու արդյոք գործող իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի հնարավոր լինի մեղմել պարտության հետևանքները։ Գործարարի լռության պատճառն իհարկե հասկանալի է՝ նա չի ցանկանում տալ պատերազմի մեղավորների անունները, հնչեցնել գնահատականներ նրանց մեղավորների մասին, քանի որ այդ կերպ առճակատման կգնա գործող իշխանությունների հետ, իսկ Վարդանյանի որակի գործչի համար դիսկոմֆորտ է ցանկացած իշխանության հետ անհամաձայնություն ունենալը։

Ներկա պահին Հայաստանը ունի այնպիսի ղեկավարի կարիք, որը ոչ միայն կամային ու համարձակ լինի, այլև հայտնված չլինի այնպիսի պատմությունների կիզակետում, որը հետագայում ևս թիրախավորելու են իրեն և ըստ այդմ Հայաստանի Հանրապետությանը։

Այս առումով ևս Ռուբեն Վարդանյանը լուրջ խնդիրներ ունի։ Հիշեցնենք, որ 2019 թվականին Եվրախորհրդարանի 22 պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով անհապաղ միջոցներ ձեռնարկել «Տրոյկա լվացքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի («Տրոյկա դիալոգի» ղեկավար) և Վլադիմիր Ռոմանովի («Յուկիո» բանկի նախկին նախագահ) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։

Հիշեցնենք, որ լիտվական «Յուկիո» բանկի գործունեության դադարեցումից հետո լրագրողների մոտ էին հայտնվել ավելի քան 60 հազար արտահոսած ֆինանսական փաստաթղթեր, որի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել էր «Տրոյկա լվացքատուն» անունը կրող փողերի լվացման մեխանիզմը։ Սխեմայում ընդգրկված էին մեծ թվով հայ արտագնա աշխատողներ, ինչպես նաև որոշ գործարարներ։ Այս մասին հետաքննական հոդված էր հրապարակել «Հետք» պարբերականը։

Ըստ հոդվածում նշված փաստերի, Ռուբեն Վարդանյանի ընկերությունը փողերի լվացմամբ է զբաղվել։ Սա սև բիծ է գործչի կյանքում և նման խնդրի առաջ կանգնած մարդը չի կարող հավակնել դառնալ երկրի ղեկավար, քանի որ նման և հնարավոր է այլ մութ պատմությունները իսկական նվեր են օտար երկրների հատուկ ծառայությունների համար ու լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանի Հանրապետությունը։

Գործարար Ռուբեն Վարդանյանը իր նույն հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե պատրաստ է լինել նաև «կոշկակար» կամ «հավաքարար»։ Ահա այս աշխատանքները կատարելու մասով «Տրոյկա լվացքատան» պատմությունը չի կարող խանգարող հանգամանք լինել և պարոն Վարդանյանը հանգիստ կարող է աշխատել այս մասնագիտություններով, իհարկե եթե ունի կոշկակարի կամ հավաքարարի հմտություններ, քանի որ սրանք էլ մասնագիտություններ են և գործից անտեղյակ մարդը չի կարող դրանով զբաղվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ