Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։
Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով, և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։
Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրները, որոնք գնալով ավելի են խորանում։
Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից, Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը